Ինչպես է Վրաստանի օրենսդրությունը բռնաբարներին թողնում ազատության մեջ

Թաթա Շոշիաշվիլի, OC Media

Թեև բռնաբարության սահմանումը սովորաբար հասկացվում է որպես որևէ մեկի հետ նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն ունենալը, Վրաստանի օրենսդրությունը համաձայն չէ այս ձևակերպման հետ և որևէ հղում չի անում համաձայնության գործոնին: Վրաստանում նման դեպքերում ոչ ասելը պարզապես բավարար չէ, և փորձագետներն ասում են, որ բռնաբարության զոհերը պետք է ապացուցեն, որ իրենք ֆիզիկապես դիմադրել են իրենց բռնարարին։

«Նա արթնացավ, քանի որ սարսափելի ցավ էր զգում, որը նրան ուշքի բերեց։ Նա աղաչում էր տղամարդուն կանգ առնել․ նա լուրջ դիմադրություն ցույց տալու կարողություն կամ ուժ չուներ։ Նա նույնիսկ չկարողացավ վեր կենալ և դուրս գալ այնտեղից»:

Սա 19-ամյա Էլենեի (իրական անունը չէ) պատմությունն է, որը պատմել է Վրաստանի կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Սապարի» կազմակերպության ղեկավար Բայա Պատարայան։ Նա ասում է, որ Էլենեին բռնաբարել են 2020 թ․, և այժմ նրա շահերը ներկայացնում է «Սապարի»-ն։

Դեպքի օրը Էլենեն համաձայնել է Թբիլիսիի սրճարաններից մեկում հանդիպել իր տարիքի մի տղայի հետ։ Մինչ այդ նա կապի մեջ է եղել նրա հետ Instagram-ի միջոցով և նույնիսկ հանդիպել է նրա ընկերների հետ:

Պատարայան պատմում է, որ աղջիկը մեկ խմիչք է խմել, և չի էլ հասցրել նույնիսկ երկրորդի կեսը խմել, երբ սկսել է ուժեղ գլխապտույտ զգալ:

«Նրա ինքնազգացողությունը վատանում է, շատ արագ, և այդ զգացումը բնավ հարբելու նման չի եղել,- ասում է Պատարայան,- Մենք կասկածում ենք, որ այդ մարդը կարող էր ինչ-որ թմրամիջոց խառնած լինել նրա խմիչքի մեջ, բայց 24 ժամ հետո դրա հետքը հնարավոր չէ գտնել»:

2017 թ․ Թբիլիսի, Բայա Պատարայան՝ վաղաժամ և հարկադիր ամուսնությունների դեմ բողոքի ցույցի ժամանակ։ Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի/OC Media։

Պատարայան ասում է, որ բժժած, գիտակցությունը կիսով չափ տեղը Էլենեին, որը հազիվ էր շարժվում և դժվարությամբ էր խոսում, տղամարդը տարել է մոտակա հյուրանոց, որտեղ նրա հետ սեռական հարաբերություն է ունեցել նրա կամքին հակառակ:

Երբ Էլենեն արթնանում է հաջորդ օրը, շատ բան չի հիշում նախորդ գիշերվա մասին և պարզապես դուրս է գալիս հյուրանոցից։ Նա հաջորդ մի քանի օրվա ընթացքում է միայն սկսում ի մի բերել տեղի ունեցածի ամբողջական պատկերը։

Երբ գլխի է ընկել, որ իրեն բռնաբարել են, Էլենեն այդ տղային հարցրել է այդ մասին: «[Նա] չի ընդունել իր մեղքը և որևէ խնդիր չի տեսել կատարվածի մեջ»,- ասում է Պատարայան։

Այնուհետև Էլենեն գնացել է ոստիկանություն, որպեսզի բողոք ներկայացնի։ Ըստ Պատարայայի՝ հետաքննիչները մերժել են՝ ասելով, որ հանցագործություն չկա, և որ սեռական հարաբերությունը տեղի է ունեցել երկու կողմի համաձայնությամբ, քանի որ Էլենեն դեպքից անմիջապես հետո չի գնացել ոստիկանություն, իսկ բռնաբարության ժամանակ չի դիմադրել։

«Չնայած նա ստացել է որոշակի վնասվածքներ, սակայն ֆիզիկական դիմադրության նշաններ չեն եղել, և այդ պատճառով դատախազը դա բավարար չի համարել գործը դատարան ուղարկելու համար»,- ասում է Պատարայան:

Նրա խոսքով՝ բավարար և սպառիչ ապացույցներ կային այն մասին, որ սեռական հարաբերությունը փոխադարձ համաձայնությամբ տեղի չի ունեցել։ Այդ ապացույցները ձեռք են բերվել Էլենեի ֆիզիկական զննությամբ, վկաների հարցաքննությամբ, որոնք նրանց տեսել էին սրճարանում, տաքսիում և հյուրանոցում, նաև կային տեսախցիկների տեսագրությունները:

Վտանգավոր օրենք

Պատարայան ասում է, որ Էլենեի գործին լուրջ չվերաբերվելու պատճառը մասամբ Վրաստանում բռնաբարության իրավական նեղ սահմանումն է:

«Եթե բռնության ժամանակ տուժողը չի կռվել բռնարարի հետ, եթե բռնարարը չի ծեծել [տուժողին] և նրան շատ լուրջ վնասվածքներ չի պատճառել, և եթե տուժողը անմիջապես չի գնացել ոստիկանություն, ապա դա բռնաբարություն չի համարվում»,- ասում է նա։

Վրաստանի օրենսդրությունը բռնաբարությունը սահմանում է որպես «մարմնի որևէ մասով կամ առարկայով մարդու մարմին սեռական բնույթի ներթափանցման ցանկացած ձև, որը կատարվել է բռնությամբ, բռնության սպառնալիքով կամ անձի անօգնական վիճակի չարաշահմամբ»։

Կովկասի համալսարանի իրավագիտության դոցենտ Թամար Գեգելիան բացատրում է, թե օրենքի ձևակերպումը նշանակում է, որ զոհերը պետք է ապացուցեն, որ պայքարել են:

«Ինչպես տեսնում ենք պրակտիկայում, օրենքի կետերից յուրաքանչյուրը շատ նեղ է սահմանված, և բացառությամբ հազվադեպ դեպքերի, օրենքը պահանջում է, որ զոհը ֆիզիկապես դիմադրի իր բռնարարին, և բռնության հետքերը պետք է տեսանելի լինեն զոհի մարմնի վրա»,- ասում է Գեգելիան:

«Սթրեսի ենթարկված մարդիկ միշտ տարբեր կերպ են արձագանքում,- ասում է հոգեթերապևտ և հոգեբույժ Նինո Մենագարիշվիլին,- Ոմանք փախչում են, ոմանք սկսում են պաշտպանվել, իսկ ոմանք կարող են վախից ամբողջովին քարանալ»:

«Սա չի նշանակում, որ այս մարդիկ համաձայնել են սեռական հարաբերություն ունենալ։ Լինում են դեպքեր, երբ բռնության զոհերը վախից չեն դիմադրում, քանի որ վախենում են, որ իրենց կարող են սպանել»։

Մենագարիշվիլին ասում է, որ պետք է փոխվի նաև ոստիկանության մոտեցումը։

«Իմ անձնական պրակտիկայում եղել է դեպք, երբ մի կին դիմել է ոստիկանություն, որպեսզի բողոք ներկայացնի, ոստիկանությունն այն գրանցել է, սակայն տղամարդ ոստիկանները շատ նվաստացուցիչ մեկնաբանություններ են արել կնոջ հասցեին»։

«Շատերը կարծում են, որ նման բանի մասին խոսելն ամոթ է։ Ոմանք կարծում են, որ իրենք նման իրավիճակում չեն հայտնվի, իսկ ոմանք էլ կարծում են, որ եթե իրենք լուռ են ու համբերատար, ապա մյուսները ևս պետք է նույնպես վարվեն»։

«Երբ մարդը չի կարողանում ինքն իրեն պաշտպանել, նրան պետք է պաշտպանեն հասարակությունն ու օրենքը»,- ասում է նա։

Էլենեի ընտանիքը դեռ չգիտի, թե ինչ է պատահել նրա հետ, քանի որ նա վախենում է քննադատության առարկա դառնալ։

Թեև նա չի կարողացել արդարադատության հասնել Վրաստանում, «Սապարի»-ի օգնությամբ նա Մարդու իրավունքների եվրոպական դատարանում այժմ դատի է տալիս երկրի կառավարությանը։

Գործելու իրավական պարտավորություն

2014 թ. Վրաստանը ստորագրել է Եվրոպայի խորհրդի «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիան, որը հայտնի է որպես Ստամբուլյան կոնվենցիա։ 2017 թ․ Վրաստանը վավերացրել է այն։

Ստամբուլի կոնվենցիան այն ստորագրած երկրներին հստակորեն պարտավորեցնում է քրեական պատասխանատվություն սահմանել ոչ փոխադարձ համաձայնությամբ սեռական ակտերի համար:

2021 թ. վրացական և միջազգային իրավապաշտպան 12 կազմակերպությունների կողմից Եվրոպայի խորհրդին ներկայացված զեկույցը հաստատել է, որ Վրաստանը խախտում է կոնվենցիան։

Իրավապաշտպանները Վրաստանի կառավարությանը հորդորել են վերասահմանել բռնաբարությունը և այլ սեռական ակտերը մարդու իրավունքների միջազգային չափանիշներին (ներառյալ կոնվենցիան) համապատասխան՝ հիմնվելով «ազատ, իրական և կամավոր համաձայնության» վրա։ Նրանք նաև խորհուրդ են տվել բռնաբարության սահմանումից հանել բռնության կիրառման մասին հիշատակումը և դրա փոխարեն այն ներառել որպես ծանրացուցիչ հանգամանք:

2021 թ․ Կանանց միջազգային օրվա ցույցի ժամանակ պաստառ՝ «Ես կարծում եմ, ես զգում եմ, ես որոշում եմ» գրությամբ: Լուսանկարը՝ Մարիամ Նիկուրաձեի/OC Media:

Չնայած օրենքը փոփոխելու իրավական հստակ պարտավորությանը, կոնվենցիայի ուժի մեջ մտնելուց գրեթե հինգ տարի անց Վրաստանի կառավարությունը դեռ քայլեր չի ձեռնարկել այս ուղղությամբ։

2021 թ․ մարտին OC Media-ն դիմել է Վրաստանի խորհրդարանի Գենդերային հավասարության հարցերով խորհրդի նախագահ Նինո Ցիլոսանիին և հարցրել, թե երբ է փոխվելու օրենքը:

Նա ասել է, թե հույս ունի, որ փոփոխությունները, որոնք բռնաբարության վերաբերյալ Վրաստանի օրենքները կհամապատասխանեցնեն կոնվենցիային, խորհրդարան կներկայացվեն «առաջիկա 3-4 շաբաթվա ընթացքում»:

Ավելի քան մեկ տարի անց էական փոփոխություններ չեն կատարվել։

Այս հոդվածի հրապարակմանը նախորդած մի քանի ամիսների ընթացքում OC Media-ն փորձել է պատասխաններ ստանալ Գենդերային հավասարության հարցերով խորհրդից, ինչպես նաև խորհրդարանի Մարդու իրավունքների հանձնաժողովից: Մեր զանգերն ու հաղորդագրությունները անպատասխան են մնացել։

«Օրենքը այսքան երկար ժամանակ չփոխելու պատճառն այն է, որ կառավարությունը քաղաքական կամք չունի դա անելու համար»,- ասում է իրավագիտության պրոֆեսոր Թամար Գեգելիան։

Նա նաև կառավարությանը քննադատում է ոստիկանների, դատախազների և դատավորների համար երկարաժամկետ թրեյնինգներ չկազմակերպելու համար․ նրանք ընդամենը մի քանի ժամ թրեյնինգ են անցնում սպասվող փոփոխությունների վերաբերյալ:

«Ոստիկանության աշխատակիցները պետք է զգայուն լինեն այս հարցի, ինչպես նաև տուժողի նկատմամբ»,- ասում է նա:

Սակայն Բայա Պատարայայի համոզմամբ՝ օրենքը փոխելու հիմնական խոչընդոտը իրավապահ մարմինների դիմադրությունն է։

«Առհասարակ, եթե ոստիկանությունը և դատախազությունը չեն աջակցում Քրեական օրենսգրքի փոփոխություններին, խորհրդարանը ձեռնպահ է մնում նման փոփոխություններ կատարելուց»,- ասում է նա։

Բայա Պատարայան նշում է, որ անհրաժեշտ փոփոխություններ անելու փոխարեն կառավարությունը պարզապես շարունակել է «զգուշավոր հայտարարություններ անել այն մասին, թե դեռ պետք է ուսումնասիրեն հարցը, մտածեն դրա մասին»։

Մեկնաբանել