Դավութօղլուն հանդիպել է Մասուդ Բարզանիի հետ

Էրբիլում երեկ կայացել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի և Իրաքյան Քուրդիստանի առաջնորդ Մասուդ Բարզանիի հանդիպումը։

Դավութօղլուի այցը նպատակ է ունեցել արտահայտել Թուրքիայի մտահոգությունը երկրի սահմանին քրդական կազմակերպությունների աշխուժացման վերաբերյալ: «Մենք մեր կողմից խաղաղություն ենք ցանկանում, և ձեր կառավարության հետ զարգացող հարաբերությունները դրա լավագույն ապացույցն են: Մենք թույլ չենք տա, որ մեր սահմաններին կից ահաբեկչական տարրեր ձևավորվեն»,- Բարզանիի հետ 3,5 ժամ տևած հանդիպման ժամանակ նշել է Դավութօղլուն։ Թուրքիայի արտգործնախարարը կոչ է արել համագործակցել նաև Սիրիայում ահաբեկչական զարգացումների դեմ պայքարում։

«Մեր քուրդ եղբայրների հետ կապված այս վիճակը քաղաքականություն չէ: Քրդերն այստեղ դարեր շարունակ ապրել են և կշարունակեն ապրել: Նրանք իրենցից վտանգ չեն ներկայացրել, բայց և այնպես մենք թույլ չենք տա, որ այստեղ ահաբեկչական խմբավորումներ ձևավորվեն»,- նշել է Դավութօղլուն:

Հիշեցնենք՝ վերջերս Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զգուշացրել էր, որ Թուրքիան կմիջամտի, եթե ահաբեկչական կառույցներ սկսեն կազմավորվել Թուրքիային սահմանակից շրջաններում։

Մեկնաբանել