Նախագահը Դավոսում մի շարք հանդիպումներ է ունեցել

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպումներ է ունեցել Լեհաստանի, Էստոնիայի և Լատվիայի նախագահների հետ, հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Հանդիպումների ընթացքում քննարկվել են տարածաշրջանում տևական և կայուն խաղաղության հաստատման հեռանկարները և Եվրոպական միության հետ համատեղ ջանքերի գործադրումն այդ ուղղությամբ: Մտքեր են փոխանակվել նաև միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացների շուրջ:

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ հանդիպման ընթացքում ՀՀ կենտրոնական բանկի և «Վարշավայի Ֆոնդային Բորսա» ընկերության միջև համագործակցության մտադրությունների մասին հուշագիր է ստորագրվել:

Վահագն Խաչատուրյանը Դավոսում հանդիպել է նաև ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ղեկավար Ախիմ Շտայների հետ․ «Նախագահը կարևորել է ՄԱԿ-ի աջակցությունը Հայաստանին կայուն զարգացման առանցքային նպատակներին և ազգային բարեփոխումների առաջնահերթությունների իրականացմանն հասնելու գործում»,- ասված է հաղորդագրությունում։

Հայաստանի նախագահը հանդիպում է անցկացրել ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոյի հետ, որի ընթացքում ադրադարձ է եղել Հայաստանում ֆուտբոլի զարգացման նպատակով իրականացվող աշխատանքներին, ընդգծվել ՖԻՖԱ-ի աջակցությունն այդ գործում․ «Անդրադարձ է եղել նաև Երևանում նախատեսված «Լեգենդների խաղին»»։

Մեկնաբանել