Իննսունականների երևանյան տրամվայի չխկչխկոցը

tramway

Հատված Լուսինե Հովհաննիսյանի «Երևա, երևա, Երևան» գրքից։

Կարմիր տրամվայը պատերազմի ժամանակ ներսի լույսերը անջատած էր իջնում։ Ներսում ցուրտ էր լինում ձմռանը։ Ձմռանն ամեն տեղ ցուրտ էր, նույնիսկ վառած վառարանի մոտ, որին վերջերս կապած կարճ պարանին չորանում էին կոշիկների ներսի մահուդի ինքնաշեն թաց ներբանները։ Իննսունականների ամառ-գարուն ամիսներին տրամվայը հանգստացնում էր։ Իր համաչափ կրկնվող չխկչխկոցը տագնապն օրորում էր, հուսահատությունը քնեցնում, մեղմում էր նոր սկսվող կյանքի շեմին բացարձակ անուժ լինելու զգացողությունը։ Տրամվայը հիսուն դրամի դիմաց առանց իմանալու բարություն էր անում։ Իննսունականների ցուրտ ձմեռներին տրամվայի ներսը անօթևանի կացարան էր, Գավրոշի փղի արձանն էր, որ տեսել էի մանկության դիաֆիլմի համր ժապավենում, որի որովայնում ապաստանում էին «անտունները»։

Տրամվայը, ներսի լույսերն անջատած, իջնում էր քաղաքի ողնաշարով։ Ներսի մարդիկ, ճակատները պատուհանին հպած, ուշադիր նայում էին ծանոթ քաղաքի շենքերին, մայթերին, տներին, ոնց որ առաջին անգամ տեսնելիս լինեին, ու ոչինչ չէին տեսնում, որովհետև իրենց մտքերի մեջ էին։ Եթե լավ մտքերի, ուրեմն անցյալներում էին։ Սա էր իսկական «տրամվայ ցանկությունը». վերադառնալ այն տարիները, երբ տրամվայի ներսի լույսերը վառվում էին, դրսում ձյուն էր, եռանդը շատ, կյանքի ծրագիրը՝ խիտ ու աշխույժ։ Ոտքերդ գնում են, դեռ կերպարանքդ մարդու է, դեռ արդուկված են շորերդ համարյա անլույս օրերին, դեռ մաքուր են հագուստդ ու մարմինդ առանց տաք ջրի ու առանց լույսի։ Բայց մի քիչ էլ, ու կքանդվես այնպես, ինչպես բոլոր ընկերներդ, որոնք գնացին պատերազմ ու չեկան, որոնք չգնացին պատերազմ ու անընդհատ արդարանում են իրենք իրենց առաջ ու հարբում են առավոտից գիշեր։

Իննսունականների ձմեռային սառը, կարմիր տրամվայի չխկչխկոցը տարավ-հասցրեց «Հորադիզ» կայարանում ավարտված գնացքի չխկչխկոցին, որն այն ժամանակ Մանուշակ տատի նվիրած վերջին արկածն էր։ Իսկ 1993-ի այդ օրերին Հորադիզը մի սարսափելի անուն էր արդեն, որտեղ մի տարի անց զոհվեց «Կազիրյոկ»-ի բակի Արտակը՝ մորս՝ արդեն գոյություն չունեցող «ВНИИКЭ»-ի մտերիմ ընկերուհու տասնինը տարեկան տղան։ Արտակը Հորադիզ զորակոչվելուց առաջ Շահումյանի անվան դպրոցի դիմաց «Մարս» ու «Սնիկերս» էր վաճառում ու ծանոթ տեսնելիս սեղանիկի տիրոջ ինքնավստահությամբ հյուրասիրում էր։ Հիմա «Կազիրյոկ»-ի մայթով Մոսկովյան-Բաղրամյան անկյուն թեքվող շենքի դիմաց ցայտաղբյուր կա, վրան գրված է՝ Արտակ։

Հետո ուրիշ Երևան սկսվեց։ Տրամվայի գծերը հանեցին քաղաքից։ Այնպես, ինչպես հմուտ խոհարարը վարժ շարժումով անջատում է ձկան ողնաշարը փափուկ մասից։ Այ, այդպես հանեցին տրամվայի գծերը վարժ շարժումով, դեղին տանիքներով կարմիր տրամվայները կորան քաղաքից, այնպե՜ս սովորական կորան… Ու ողնաշարից ու հաստ փշերից ազատված քաղաքը միանգամից դարձավ փափկամիս։ Ուրիշ քաղաք էր սկսվում, բոլորովին ուրիշ։ Ու երբ «Լինս»-ի հիմնադրամով քաղաքը վերանորոգելիս օպերայի հրապարակից ժամանակավոր հանեցին Թումանյանի ու Սպենդիարյանի արձանները ու նոր ասֆալտ փռեցին ութսունութ թվի մեր ցույցերի ասֆալտի վրա, ես մեր բոլորիս ոտնահետքերին հրաժեշտ տվեցի ու շարունակեցի ապրել ուրիշ Երևանում։

Մեկնաբանել