Ընդդիմությունը մտադիր է գնալ խորհրդարան, բայց ոչ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի օրակարգով

Գևորգ Թոսունյան

Մայիսի 25-ին Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Դիմադրություն» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ ընդդիմադիր խմբակցությունները հաջորդ շաբաթ ԱԺ արտահերթ նիստ են հրավիրելու։

ՍիվիլՆեթը Ազգային ժողովից պարզեց, թե ինչ օրակարգով է ընդդիմությունը պատրաստվում գնալ խորհրդարան։

Ընդդիմադիր խմբակցությունները դիմել են Ազգային ժողովի ղեկավարությանը՝ առաջարկելով ընդունել հայտարարություն՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ։ Նախագիծն արդեն դրվել է շրջանառության մեջ։

Ըստ հայտարարության՝ «Հայաստանի համար անընդունելի է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ վերջնական տարբերակ, որի արդյունքում Արցախը կարող է հայտնվել Ադրբեջանի կազմում»։

«Պետք է ապահովվի հուսալի ցամաքային կապ Հայաստանի և Արցախի միջև՝ բացառելով վերջինիս անկլավային վիճակը»։

Հայատարարության հեղինակները վստահ են, որ հարաբերությունները պետք է կարգավորվեն գերիների ու 2021-ի մայիսից Հայաստանի տարածք ներխուժման հարցը լուծելուց հետո։

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում, ըստ ընդդիմության, պետք է բացառել որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի «հայ ժողովրդի հայրենազրկման և ցեղասպանության իրողությունը»։

Փաստորեն, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիրները խորհրդարան են վերադառնում այլ օրակարգով:

Ավելի վաղ, ընդդիմադիրներից «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն էր հայտարարել, թե ինքը գործ չունի այն խորհրդարանում, որտեղ խոսվում է «Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման մասին», ինչպես նաև նշել էր, որ «եթե չհաջողեն, Փաշինյանը մնա վարչապետ, այլևս խորհրդարան չի վերադառնա», իսկ Իշխան Սաղաթելյանն ասել էր, որ խորհրդարան վերադանալու են «բացառապես իրենց օրակարգով»։

«Այսօր այդ օրակարգը փողոցում է, մենք փողոցում ենք։ Եթե այդ օրակարգը լինի խորհրդարանում՝ կլինենք խորհրդարանում։ Մենք մի մանդատ ունենք՝ սպասարկել ժողովրդի պահանջը»,- հայտարարել էր Սաղաթելյանը։

Մեկնաբանել