Հայաստանում հունվար-ապրիլին տնտեսական ակտիվության աճը կազմել է 9,4%

Հայաստանում 2022 թվականի հունվար-ապրիլին տնտեսական ակտիվության աճը կազմել է 9,4%, որը տնտեսական աճին գրեթե նույնական ցուցանիշ է. այդ մասին հայտնում է Վիճակագրական կոմիտեն։

Այս տարվա հունվար- ապրիլին՝ 2021թ. նույն ժամանակահատվածի համեմատ, տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ.

արդյունաբերություն՝ 2,6%

շինարարաություն՝ 9%

առևտրի շրջանառություն՝ 7,8%

ծառայություններ՝ 23,5%

Վիճակագրական կոմիտեն տվյալներ չի հայտնում գյուղատնտեսության ոլորտի մասին: Անցած չորս ամսիներին կտրուկ աճել է էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 14,1%:

Երկնիշ աճ է գրանցել արտաքին առևտրաշրջանառությունը՝ 33,8%: Ընդ որում, արտահանումն աճել է 25,2%-ով, ներմուծումը՝ 39,1%-ով:

Համաձայն վիճակագրական կոմիտեի՝ ՀՀ սպառողական շուկայում գներն աճել են 7,4%-ով:

Դեռ երկու ամիս առաջ Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները վատատեսական էին: Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներով պայմանավորված` Արժույթի միջազգային հիմնադրամը այս տարվա մարտին նվազեցրել էր Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը՝ նախկին 5% փոխարեն 1,5%։

Միջազգային խոշոր ֆինանսական կառույցն ընդգծում է՝ Ռուսաստանի նկատմամբ լայն պատժամիջոցներն անխուսափելիորեն կազդեն Հայաստանի տնտեսության վրա, բացասական ազդեցության չափը դեռևս անորոշ է։

Մինչ ռուս-ուկրաինական պատերազմը Հայաստանի իշխանությունները 2022-ի համար 7 տոկոս տնտեսական աճ էին կանխատեսում: Այս ցուցանիշը ամրագրված է կառավարության հնգամյա ծրագրում։ Համաձայն կառավարության տեսակետի՝ Հայաստանին անհրաժեշտ է տարեկան նվազագույնը 7 տոկոս տնտեսական աճ, որը թույլ կտա լուծել թիրախային սոցիալական խնդիրներ և բարելավել մարդկանց կյանքը։

Մեկնաբանել