Խիստ անընդունելի է Շառլ Միշելի՝ Ղարաբաղի վերաբերյալ ձևակերպումը․ Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 25-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ՝ ընդառաջելով մայիսի 24-ին Արցախի խորհրդարանի կողմից նախագահին ուղղված նամակին։

Հարությունյանը նշել է, որ Արցախի իշխանությունների և ժողովրդի համար խիստ անընդունելի է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարության մեջ տեղ գտած «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը» ապահովելու մասին ձևակերպումը։ Ըստ նրա՝ այն չի արտահայտում անցած երեսուն տարիների ընթացքում միջազգային հանրության համար հստակ ձևակերպված արցախահայության պահանջներն ու ձգտումները, որոնց հիմքում դրված է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:

«Նախագահի ներկայացմամբ՝ ինքը հնարավորություն է ունեցել ՀՀ վարչապետի հետ հանդիպել և քննարկել մայիսի 22-ին Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Ալիև հանդիպումը, և այդ առթիվ ցանկանում է մեկ անգամ ևս հաստատել, որ Արցախի ճակատագրի ու կարգավիճակի որոշման բացառիկ իրավունքը պատկանում է Արցախի ժողովրդին ու իշխանություններին: Նախագահի խոսքով՝ վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ որևէ մեկը չի կարող և չի պատրաստվում Հայաստանի ու Արցախի ժողովրդի թիկունքում ինչ-որ փաստաթուղթ ստորագրել, եթե կլինի կոնկրետ առաջարկ կոնկրետ լուծումների մասին, ապա այն կքննարկվի Արցախի իշխանությունների հետ և հանրությունը դրա մասին տեղեկացված կլինի պատշաճ ձևով»,- վստահեցրել է նա։

Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ «արցախցիների իրավունքների ու անվտանգության պատշաճ ապահովումը հնարավոր է բացառապես Ադրբեջանի կազմից դուրս»։

***

Մայիսի 26-ին Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսելով բրյուսելյան հանդիպման արդյունքներով Շառլ Միշելի հաղորդագրության այն հատվածի մասին, որտեղ վերջինս հայտարարել էր, որ անհրաժեշտ է անդրադանալ «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներին ու անվտանգությանը», Փաշինյանը պատասխանել է՝ քանի որ այս հարցով համաձայնություն չի ձևակերպվել, Շառլ Միշելը իր կողմից որոշել է անել մեկնաբանություններ, որոնք, իր կարծիքով, «հնարավորինս շատ էլեմենտներ կարտահայտեն երկու կողմերի դիրքորոշումներից»: