ԱՄՆ-ն ողջունում է սահմանազատման հարցով հանձնաժողովների առաջին նիստի անցկացումը․ Բլինքեն

Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների առաջին համատեղ նիստի անցկացումը։ Այս մասին Թվիթերի իր էջում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«ԱՄՆ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև Եվրամիության միջնորդությամբ ընթացող բանակցություններին»,- գրել է նա։

ԱՄՆ պետքարտուղարը կոչ է անում շարունակել հայ-ադրբեջանական երկխոսությունը՝ հանուն տարածաշրջանային խաղաղության։

***

Մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը` սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով։

Ըստ հաղորդագրության՝ քննարկվել են հանձնաժողովների համատեղ գործունեության կազմակերպչական և ընթացակարգային հարցեր․ «Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը` հանձնաժողովների շրջանակներում աշխատանքներ տանելու սահմանազատման և այլ համապատասխան հարցերի, այդ թվում՝ սահմանային անվտանգության ապահովման հարցերի շուրջ»,- տեղեկացնում է ԱԳՆ-ն։

Ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Հանդիպման արդյունքներով ձեռք է բերվել պայմանավորվածություն` 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված համաձայնության համաձայն` մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով:

Մայիսի 22-ին Բրյուսելում կրկին հանդիպել էին Հայաստանի, Ադրբեջանի և Եվրոպական խորհրդի ղեկավարները։ Շառլ Միշելը հանդիպումից հետո հայտարարել է, որ «առաջիկա օրերին միջպետական ​​սահմանին տեղի կունենա սահմանային հանձնաժողովների առաջին համատեղ նիստը»։

Մեկնաբանել