Տիեզերք է արձակվել Հայաստանի առաջին արբանյակը

Մայիսի 25-ին՝ Երևանի ժամանակով ժամը 22:35-ին, ԱՄՆ-ի Կանավերալ հրվանդանից Space X ընկերության տիեզերանավով երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել ՀՀ առաջին տիեզերական արբանյակը․ մայիսի 26-ին կառավարության նիստի մեկնարկին այդ մասին հայտարարեց վարչաետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի արբանյակի՝ տիեզերք դուրս բերումը տեղի է ունեցել պետական «Գեոկոսմոս» ընկերության և իսպանական Satlantis ընկերության համագործակցության արդյունքում։

«Սրանով ՀՀ-ն թևակոխում է տիեզերական գործունեության դարաշրջան ու մենք հույս ունենք, որ մեր հարուստ ավանդույթները կվերականգնվեն»,- ասաց Փաշինյանը՝ ավելացնելով, որ կառավարությունը նպատակ ունի տիեզերական տեխնոլոգիաները տեղայնացնել Հայաստանում ու կազմակերպել տիեզերական սարքերի արտադրություն։

Հայաստանի առաջին արբանյակի՝ Երկիր մոլորակի ուղեծիր արձակելու պահը

Մինչև 2023-ի սկիզբը Հայաստանում կստեղծվի արբանյակային կենտրոն ու ընդունիչ կայան, որի շուրջ կձևավորվի մասնագետների թիմ։ Արբանյակային կենտրոնը կզբաղվի արբանյակի կառավարմամբ ու տիեզերալուսանկարների ստացմամբ, իսկ ընդունիչ կայանը կստանա ու կփոխանցի տվյալներ։ Արբանյակային լուսանկարները օգտագործվելու են սահմանային հսկողության, արտակարգ իրավիճակների կառավարման, կլիմայական փոփոխությունների մոնիտորինգի, քաղաքաշինության, ճանապարհաշինության համար։

«Հայաստանի արբանյակի արձակման շուրջ բոլոր որոշումները կայացվել են գաղտնիության պայմաններում ու դա է պատճառը, որ տեղեկություն չենք հրապարակել՝ ինչ-ինչ նկատառումներից ելնելով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Անցյալ ամիս «Գեոկոսմոս» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալը կառավարությունն ավելացրել էր 3,3 միլիարդ դրամով։

Մեկնաբանել