Գլխավոր Լրահոս

«Քաղաքական գնահատական էր». Ղազինյանը՝ հիմնադրամից թալանի վերաբերյալ իր հայտարարության մասին

«Քաղաքական գնահատական էր». Ղազինյանը՝ հիմնադրամից թալանի վերաբերյալ իր հայտարարության մասին

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը մայիսի 15-ին ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել՝ պնդելով, թե Հայաստանում ամենամեծ ու ապացուցված թալանը եղել է 44-օրյա պատերազմի ժամանակ։ 

«44-օրյա պատերազմի ժամանակ, երբ թալանվեցին արտերկրում ապրող հազարավոր հայեր, Հայաստան համահայկական հիմնադրամից նիկոլները թալանեցին 100 միլիոն դոլար»,- գրել էր Ղազինյանը՝ հավելելով, որ թալանը ապացուցված է։ 

Ղազինյանի գրառումը տարածել էին՝ panorama.am, kentron.am, presstime.am, mamul.am, azg.am, hraparak.am և այլ լրատվականներ։ 

2020-ի 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո տարատեսակ խոսակցություններ և մեղադրանքներ էին հնչում «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից կառավարությանը փոխանցված միջոցների և դրանց ծախսի վերաբերյալ։

2021-ի հոկտեմբերին Ազգային ժողովում ստեղծվել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։

Հանձնաժողովի կազմում Արթուր Ղազինյանը ընդգրկված չէ, սակայն այնտեղ են «Հայաստան» խմբակցության երեք այլ պատգամավորներ՝  Թադևոս Ավետիսյանը, Էլինար Վարդանյանը և Արծվիկ Մինասյանը։ Վերջինս հանձնաժողովի նախագահն է։

#CivilNetCheck-ը փորձեց կապ հաստատել պատգամավորների հետ և հասկանալ, թե ինչ փուլում է Հայաստան համահայկական հիմնադրամի ծախսերի ուսումնասիրությունը և ինչպես է հիմնավորում Ղազինյանը իր պնդումները։

Ղազինյանը պարզաբանում է՝ «գնահատականը քաղաքական էր»

CivilNetCheck-ի հետ զրույցում Արթուր Ղազինյանը հայտնեց, որ «ամենամեծ ու ապացուցված թալանի» մասին պնդումը «քաղաքական գնահատական է եղել և անցկացված աուդիտով չի հաստատվել»։ 

«Դա քաղաքական, ոչ թե իրավական գնահատական է։ Ես գիտեմ՝ իրավական գնահատականը կապացուցի։ Աուդիտը անցել է, աուդիտով չի հաստատվել։ [...] Որևե ձև չի հասկացվել, թե ինչի վրա է ծախսվել, որի իրավունքը նախ չունեին փոխանցելու։ Հիմնադրամից գումար են տարել»,- հայտնեց պատգամավորը՝ հավելելով, որ գումարների ծախսման ուղղությունները և նպատակները դեռ պետք է ապացուցվեն։ 

Լուսանկարը` parliament.am-ի

Ըստ Ղազինյանի՝ հիմնադրամի գործունեությունը մշտապես աուդիտի է ենթարկվում, սակայն հիմնադրամից գումարների՝ պետբյուջե փոխանցվելու դեպքում միջոցները անվերահսկելի են դառնում՝ խառնվելով ընդհանուր ծախսերի մեջ։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը նույն օրը՝ մայիսի 15-ին, ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել էր Ղազինյանի հայտարարությանը՝ հիշեցնելով, որ խորհրդարանում ստեղծվել է այդ հարցով քննիչ հանձնաժողով, նախագահը դաշնակցական Արծվիկ Մինասյանն է։

«Սակայն հանձնաժողովը 6 ամիս աշխատելուց հետո ոչ մի «թալանի» փաստ չի արձանագրել, իսկ ժամկետը երկարացնելու համար արդեն ավելի քան մեկ ամիս է՝ սպասում ենք հանձնաժողովի նախագահ Արծվիկ Մինասյանին ու անդամ Հայկ Մամիջանյանին, որպեսզի վերջիններս լիագումար նիստում առաջարկեն ևս 6 ամսով երկարաձգել հանձնաժողովի գործունեությունը, որին մենք համաձայն ենք»,- գրել էր Պապոյանը։  

Արծվիկ Մինասյանը՝ հանձնաժողովի աշխատանքի մասին

Արծվիկ Մինասյանը CivilNetCheck-ի հետ զրույցում պնդեց, թե իշխանությունները խոչընդոտել են քննիչ հանձնաժողովի գործունեությունը՝ խուսափելով տրամադրել բյուջեի կոնկրետ ուղղություններով համապատասխան տեղեկատվությունը։ «Ամեն ինչ անում են, այն ժամանակ էլ, հիմա էլ, որ այդ հարցերի պատասխանները չտրվեն»,- նշեց Մինասյանը։ 

Քննիչ հանձնաժողովի նախագահ Արծվիկ Մինասյանը կրկին պնդեց, թե հիմնադրամի գումարները անօրինաբար են փոխանցվել բյուջե։

«Մի օրինակ բերեմ՝ ասում ենք տվեք, թե կոնկրետ ինչ ծրագրերի վրա են գնացել դրանք, իրենք մեզ պատասխանում են՝ ռազմական դրության ծախսերը ուսումնասիրեք։ Իսկ դրանց մեծությունը շատ ավելի մեծ է։ Երբ մենք ասում ենք՝ չէ, մեզ տվեք կոնկրետ հիմնադրամի միջոցների ծախսը ․.․»,- հայտնեց Մինասյանը։ 

Հարցին, թե ինչո՞ւ չեն երկարաձգում ԱԺ-ում քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը, որը շուտով կսպառվի, Մինասյանը հայտնեց, որ ցանկացած պահի հանձնաժողով կարող են կրկին կստեղծել, քանի որ հանձնաժողովը իրավունքի ուժով է ստեղծվում. «Եթե վերադառնանք խորհրդարան, անպայման այդ հարցը լուծելու ենք»։

Հատկանշական է, որ նախորդ տարի՝ քննիչ հանձնաժողովի առաջին նիստի ժամանակ Մինասյանը արտահայտվել էր այն անձանց մասին, որոնք մտադրաբար մսխում են հիմնադրամի հեղինակությունն ու պատիվը։

«Եթե կան այդպիսի անձինք, որոնք փորձել են կամ մտադիր են եղել, կամ գործադրել են ջանքեր մսխելու «Հայաստան» հիմնադրամի հեղինակությունը, պատիվը, համբավը կամ անվստահություն են սերմանել, ապա պետք է կարողանանք այդ ամենին սպառիչ պատասխան տալ»,- ասել էր Մինասյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը  զրույցում հրաժարվեց մեկնաբանել Ղազինյանի հայտարարությունը՝ պատճառաբանելով, որ լրագրողների հետ զրույցում արդեն իսկ հայտնել է իր դիրքորոշումը։

Ժամանակագրություն

«Հայաստան» համահայկական հիմնադրամը 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ կառավարությանը՝ Ֆինանսների նախարարությանը, նվիրատվության ձևով փոխանցել էր 52,7 մլրդ դրամ (մոտ 107 մլն դոլար) գումար:

2020 դեկտեմբերին նախկին նախագահ Արմեն Սարգսյանը պահանջել էր աուդիտ անցկացնել։ Հայտարարությունից ամիսներ անց ստեղծվել էր հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներից կազմված աշխատանքային խումբ, որը միջազգային աուդիտորական ընկերության հետ պետք է օգտագործված միջոցների ուսումնասիրություն անցկացներ։

Հաջորդ տարի՝ 2021-ի հոկտեմբերին, ընդդիմության նախաձեռնությամբ ստեղծվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված և պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։

Հիմնադրամի խորհրդի 2021-ի դեկտեմբերի հայտարարության համաձայն՝ անցկանցվել էր արտաքին աուդիտ, սակայն օրենսդրական սահմանափակումների պատճառով խոչընդոտել են բյուջեից ծախսված գումարների փաստաթղթերի ուսումնասիրությունը։ 

Հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը 2022-ի մայիսի 25-ին հայտնել է, որ պետբյուջե փոխանցված միջոցների ծախսի ուսումնասիրությունը կատարում է Հաշվեքննիչ պալատը՝ ԱԺ ֆինանսատնտեսական հանձնաժողովի դիմումի հիման վրա։

«Հաշվեքննությունը նախաձեռնվեց դեկտեմբեր ամսվա ընթացքում, և պետք է ավարտվի մինչև հունիս ամսվա վերջ»,- ասել էր Արշամյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում