Փաշինյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է ԼՂ կարգավորման հարցն ու տարածաշրջանային գործընթացները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին, տեղեկացնում է վարչապետի պաշտոնական կայքը։

Հանդիպմանը քննարկվել են հայ-ռուսական համագործակցության օրակարգին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանն ու Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր:

«Վարչապետը նշել է, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները վերջին տարիներին կրում են դինամիկ բնույթ և հավելել, որ դրանում մեծ է ՀՀ-ում ՌԴ դեսպանության ներդրումը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ երկու երկրների գործընկերների միջև առկա են սերտ շփումներ, ինչը կարևոր նշանակություն ունի փոխգործակցությանը նոր ազդակ հաղորդելու գործում: Միաժամանակ, կառավարության ղեկավարը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների հետ պարբերական հանդիպումներն ու շեշտել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործում վերը նշված ֆորմատի կարևորությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Մայիսի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսիին։ Կրկին քննարկվել էին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային կայունությանը վերաբերող հարցեր։

Մեկնաբանել