Հիչքոքի «Գլխապտույտը» բոլոր ժամանակների լավագույն ֆիլմն է

Հայտնի ռեժիսոր Ալֆրեդ Հիչքոքի «Գլխապտույտ» ժապավենը Մեծ Բրիտանիայում ճանաչվել է բոլոր ժամանակների լավագույն ֆիլմ: Դետեկտիվի տարրերով այս թրիլլերը գլխավորել է Կինեմատոգրաֆի բրիտանական ինստիտուտի կողմից հրատարակվող Sight & Sound ամսագրի կազմած վարկանիշը:

Տասը տարին մեկ այս հրատարակությունը հարցում է անցկացնում կինոաշխարհի փորձագետների շրջանում՝ պարզելու կինեմատոգրաֆի պատմության մեջ լավագույն ժապավենները:

Այս անգամ վարկանիշը կազմվել է 846 քննադատի, կինոակադեմիաների անդամների և գրողների կարծիքների հիման վրա։ Նրանց մեծ մասը քվեարկել է հօգուտ «Գլխապտույտի»։ Ընդ որում՝ Հիչքոքի ֆիլմը 34 ձայնով առաջ է անցել Օրսոն Ուելսի «Քաղաքացի Քեյնը» (1941թ.) ֆիլմից, որը վերջին հիսուն տարվա ընթացքում եղել է կինեմատոգրաֆիստների անփոփոխ ֆավորիտը:

Ինքը՝ Հիչքոքը, 1958-ին նկարահանված այս ֆիլմն անվանում էր «ամենաանձնականն իր բոլոր աշխատանքներից»: Հատկանշական է, որ մեծ էկրան բարձրանալուց հետո ֆիլմն արժանացել է կինոքննադատների սառն ընդունելությանը և ճանաչում է ձեռք բերել միայն տարիների ընթացքում։

Sight & Sound-ի վարկածով՝ տասը լավագույն ֆիլմերը ստեղծվել են ավելի քան 40 տարի առաջ: Վարկանիշի երրորդ տեղում ճապոնացի ռեժիսոր Յասուձիրո Օձուի «Տոկիոյի պատմվածքը» դրաման է: Ցանկում ընդգրկվել են նաև «Խաղի կանոններ», «2001 թվական. տիեզերական ոդիսական», «Տեսախցիկով մարդը» և «Ժաննա դ՚Արկի կրքերը» ֆիլմերը:

Մեկնաբանել