Վլադիկավկազում բլոգերին մեղադրանք է առաջադրվել Լենինի փողոցը անվանափոխելուն աջակցելու համար

Բատրազ Միսիկով, լուսանկարն արված է Միսիկովի Telegram-ի տեսանյութից։

Լուիզա Մչեդլիշվիլի, OC Media

Հյուսիսային Օսիայում բնակվող բլոգեր Բատրազ Միսիկովին մեղադրանք է առաջադրվել «ատելություն հրահրելու» համար, երբ վերջինս մեկնաբանություններ է արել՝ աջակցելով Վլադիկավկազի Լենինի փողոցը Երկրորդ համաշխարհային պատերազմի տեղացի հերոսներից մեկի անունով փոխելու գաղափարին, ինչպես նաև քննադատել է Կոմունիստական կուսակցությանը այդ քայլին ընդդիմանալու համար։

«Գիտեմ, որ այս հայտարարությունն անելով՝ ես արդեն մղվում եմ «անկյուն», բայց magis amica veritas», – մայիսի 19-ին գրել է բլոգերը՝ մեջբերելով լատիներեն արտահայտություն, որը թարգմանաբար նշանակում է «ճշմարտությունն ավելի լավ ընկեր է»։

««Ռուս» կազմակերպությունը [Հյուսիսային Օսիայում ռուսական մշակութային կազմակերպություն] կարող է փողոց անվանափոխել,- գրել է նա,- «Նիֆս» կազմակերպությունը [Հյուսիսային Օսիայում օսական մշակութային կազմակերպություն] չի կարող փողոց անվանափոխել»։

«Ընդամենը այդքանը,- գրել է նա՝ գրառումը եզրափակելով «ուսերը թոթվող» էմոջիով։

Ապրիլի սկզբին «Նիֆս» կազմակերպության նախագահ և Ռուսաստանի խորհրդարանի՝ հյուսիսօսական ծագումով պատգամավոր Վալերի Գազաևը դիմել է Հյուսիսային Օսիայի իշխանություններին և Վլադիկավկազի քաղաքապետարանին՝ առաջարկելով Լենինի փողոցը վերանվանել Կաուրբեկ Թոգուզովի անունով։ Վերջինս, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից է և արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման։

«Երկրի համար այս դժվարին ժամանակաշրջանում խորհրդանշական այս գործողությունը կարևոր քայլ կլինի պատմական հիշողության պահպանման և բնակչության շրջանում հայրենասիրական ոգու ամրապնդման համար»,- ասված է Գազաևի և օս հասարակական այլ նշանավոր գործիչների ստորագրած նամակում՝ հասցեագրված Հյուսիսային Օսիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոյին։

Նամակի հրապարակումից անմիջապես հետո Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցությունը խստորեն դատապարտեց նախաձեռնությունը։

Փողոցի անվանափոխությունը «խղճի և բարոյական սկզբունքների կորստին հավասարազոր է», և նման առաջարկը «ոչ միայն դավաճանություն է խորհրդային անցյալին, այլ նաև խարխլում է Ռուսաստանի միջազգային դիրքերը և պետությունը տանում կործանման», ասվում էր կուսակցության տարածած հայտարարությունում, որում այնուհետև ուղիղ համեմատություն էր արվում Ուկրաինայի հետ. «Ամեն ինչ սկսվեց երկրում [Ուկրաինայում] խորհրդային զինվորների և հրամանատարների հուշարձանների քանդմամբ»։

Կոմունիստական կուսակցության կենտկոմի փոխնախագահ Դմիտրի Նովիկովն ասել է, որ առաջարկը «ցինիկ սադրանք» է և ընդգծել է, որ Թոգուզովը պարգևատրվել է Լենինի շքանշանով; Նրա կարծիքով՝ փողոցի անվանափոխությունը, որը նրա ձևակերպմամբ՝ «հավասարազոր է ԽՍՀՄ հիմնադրի ուղղությամբ թքելուն», «նվաստացում» է հենց Թոգուզովի համար։

Ի պատասխան կոմունիստների դատապարտող հայտարարության, Միսիկովն այնուհետև մեկ այլ գրառում է արել Telegram-ում, որտեղ կուսակցությունը անվանել է «կարմիր աղանդավորներ»։ «Ռուսները կարող են մի ամբողջ Լենինգրադ քաղաքը վերանվանել ի պատիվ իրենց ցարի և նրա երկնային հովանավորի, իսկ օսերը չեն կարող անվանափոխել մեկ փողոց՝ ի պատիվ իրենց հերոսի»,- գրել է նա:

Այս մեկնաբանություններից հետո Հյուսիսային Օսիայի Անվտանգության դաշնային ծառայությունը բլոգերի մեկնաբանությունները ուղարկել է երկու «հոգելեզվաբանի»՝ Իննա և Օսկար Կունավիններին, որոնք պետք է պարզեին, թե արդյոք դրանք «ատելություն են հրահրում»:

Մայիսի 20-ին փորձագետները եզրակացրել են, որ բլոգերի հայտարարությունները «օսերի նկատմամբ ռուսների գերազանցության քարոզչություն» են պարունակում, ինչպես նաև «բառեր և հայտարարություններ, որոնք ատելություն, թշնամանք են հրահրում» ընդդեմ Կոմունիստական կուսակցության և Ռուսաստանի կառավարության։

Արդյունքում հարուցվել է քրեական գործ, և Միսիկովին սպառնում է մինչև 20,000 ռուբլի (310 դոլար) տուգանք:

Telegram-ում հրապարակված տեսաուղերձում բլոգերն ասել է, որ ճանաչում է երկու փորձագետներին, որոնց հետո խորհրդակցել է Անվտանգության դաշնային ծառայությունը։ Նա նշել է, որ փորձագետները նախկինում վեճ են ունեցել իր հետ, ինչը, նրա պնդմամբ, ազդել է նրանց որոշման վրա:

OC Media-ի հետ զրույցում Միսիկովն ասել է, որ ինքը և մյուսները, ովքեր ուզում են անվանափոխել Լենինի փողոցը, պարզապես ցանկանում են հարգել օս հերոսի հիշատակը։

«Մենք պարզապես ցանկանում էինք հարգել Ստալինգրադի ճակատամարտի մասնակից և Խորհրդային Միության հերոս Կաուրբեկ Թոգուզովի անունը, որն ապրում էր Վլադիկավկազի Լենինի փողոցում, – ասել է նա,- Հյուսիսային Օսիայում և ամբողջ Ռուսաստանում Լենինի անունով բավականաչափ փողոցներ կան, ուստի հույս ունեինք, որ իշխանությունները ըմբռնումով կմոտենան»։

Նա համոզմունք է հայտնել, որ իրեն առաջադրված մեղադրանքները «քաղաքական» են, և պատճառն այն է, որ ինքը անկախ բլոգեր է և լրագրող:

«Դրա մասին է վկայում Կոմունիստական կուսակցության ոչ ադեկվատ արձագանքը, որում նախաձեռնությունը համեմատվում էր ՏՏ-ի (գերմ․ Schutzstaffeln, Հիտլերի պահնորդական ջոկատները – խմբ․) զինվորների հիշատակի հավերժացման հետ։ Ինձ մեղադրում էին նաև «օսերի նկատմամբ ռուսների գերազանցությունը» քարոզելու մեջ, թեև դա տրամաբանական չէ, քանի որ ես օս եմ», – ասել է Միսիկովը։

Հյուսիսային Օսիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն և Վլադիկավկազի քաղաքապետ Վյաչեսլավ Միլջիխովը լռել են անվանափոխության նախաձեռնության մասին։

Մեկնաբանել