Սահմանազատման հարցով առաջին հանդիպումը կառուցողական է եղել․ Մհեր Գրիգորյան

Մայիսի 24-ին սահմանազատման հարցով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների հանդիպումն եղել է կառուցողական։ Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ, սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով Հայաստանի հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը։

«Մայիսի 24-ին մենք առաջին հանդիպումն անցկացրեցինք սահմանին (հայ-ադրբեջանական սահմանին – խմբ․)։ Այս հանդիպմանը մենք քննարկել ենք բացառապես հետագա համատեղ աշխատանքի կազմակերպչական հարցեր, և այդ առումով հանդիպումը համարում եմ միանգամայն կառուցողական»,- ասել է նա։

Մհեր Գրիգորյանի խոսքով՝ սահմանազատման հարցով հանձնաժողովների հաջորդ հանդիպումը կկայանա Մոսկվայում, սակայն ամսաթվի վերաբերյալ դեռևս պայմանավորվածություններ չկան:

Նա հայտնել է նաև, որ հաջորդ շաբաթ Մոսկվայում տեղի է ունենալու Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի համանախագահությամբ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի նիստը․ «Այս հանդիպման կոնկրետ ամսաթիվը այժմ համաձայնեցման գործընթացում է, իսկ հանդիպման օրակարգը ներառում է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում ամրագրված պայմանավորվածությունների իրականացմանը և 2021-ի հունվարի 11-ի հայտարարությանը վերաբերող հարցեր: Այս օրակարգը սահմանազատման հետ կապ չունի»,- նշել է Գրիգորյանը։

***

Մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը` սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ աշխատանքի ձևաչափով։

Ըստ հաղորդագրության՝ քննարկվել են հանձնաժողովների համատեղ գործունեության կազմակերպչական և ընթացակարգային հարցեր․ «Կողմերը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը` հանձնաժողովների շրջանակներում աշխատանքներ տանելու սահմանազատման և այլ համապատասխան հարցերի, այդ թվում՝ սահմանային անվտանգության ապահովման հարցերի շուրջ»,- տեղեկացնում է ԱԳՆ-ն։

Ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Հանդիպման արդյունքներով ձեռք է բերվել պայմանավորվածություն` 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված համաձայնության համաձայն` մինչև ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որը օժտված կլինի նաև սահմանի երկայնքով անվտանգություն և կայունություն ապահովելու հարցերով:

Մայիսի 22-ին Բրյուսելում կրկին հանդիպել էին Հայաստանի, Ադրբեջանի և Եվրոպական խորհրդի ղեկավարները։ Շառլ Միշելը հանդիպումից հետո հայտարարել է, որ «առաջիկա օրերին միջպետական ​​սահմանին տեղի կունենա սահմանային հանձնաժողովների առաջին համատեղ նիստը»։

Մեկնաբանել