ԵԱՏՄ երկրները պետք է հարմարվեն արագ փոփոխվող արտաքին և ներքին պայմաններին. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ մայիսի 27-ին, մասնակցել է Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստին, որն անցկացվել է տեսակապի միջոցով, հայտնում է վարչապետի պաշտոնական կայքը։

Նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ- Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի նախագահ Սադիր ժապարովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:

ԵԱՏՄ-ում որպես դիտորդ պետություններ՝ ելույթներով հանդես են եկել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, Կուբայի նախագահ Միգել Մարիո Դիաս-Կանել Բերմուդեսը:

Վարչապետ Փաշինյանն իր ելույթում նշել է. «Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրումից հետո անցել է ընդամենը 8 տարի, սակայն ԵԱՏՄ-ն արդեն ամենադինամիկ զարգացող ինտեգրացիոն միավորումներից է։ Այնուամենայնիվ, մեր երկրները պետք է օպերատիվ կերպով հարմարվեն արագ փոփոխվող արտաքին և ներքին պայմաններին։ Կարծում եմ, որ մենք արդեն պետք է ուրվագծենք 2025 թվականից հետո ռազմավարական փուլում մեր Միության զարգացման հորիզոնները՝ հաշվի առնելով ձևավորվող աշխարհակարգը։ Անհրաժեշտ է ավելի լայն հայացք նետել ինտեգրացիոն նախագծին, դնել ու իրականացնել հավակնոտ նպատակներ, յուրացնել համագործակցության նոր ոլորտներ ու ոլորտներ»։

Վարչապետը կարևորել է նաև Իրանի և ԵԱՏՄ-ի միջև լիարժեք ազատ առևտրի համաձայնագրի շուտափույթ կնքումը։

«Միջազգային համագործակցության համատեքստում արդիական է թվում երրորդ երկրների գործընկերների հետ շփումների ձևավորումը և փոխգործակցության կոնկրետ շղթաների կառուցումը: Կարող եմ վստահորեն նշել, որ տարիների ընթացքում Միությունը զգալիորեն ընդլայնել է միջազգային համագործակցության հորիզոնները։ Կարևոր եմ համարում հերթական անգամ ուշադրություն հրավիրել Իրանի և ԵԱՏՄ-ի միջև լիարժեք ազատ առևտրի համաձայնագրի շուտափույթ կնքման հարցում Հայաստանի շահագրգռվածության վրա։ Թեհրանի հետ ժամանակավոր համաձայնագրի գործունեության փորձը հստակ ցույց է տալիս իրանական շուկայի գրավչությունը և համագործակցության հետագա խորացման հեռանկարները»,- ասել է Փաշինյանը։

Մեկնաբանել