Լուիզա Մչեդիշվիլի, OC Media
Չեչնիայի անվտանգության ուժերը, ըստ պնդումների, գնդակահարել են Մուսլիմ Բիսուլթանովին՝ կառավարության հայտնի քննադատին, և առևանգել նրա կնոջը, հաղորդում է 1ADAT չեչենական հասարակական շարժումը։
Ըստ շարժման Telegram ալիքի, մայիսի 24-ին չեչեն երեք ոստիկան առևանգել է Բիսուլթանովին Զնամենսկոյե գյուղի նրա տնից: Հաղորդվում է, որ նրան գնդակահարել են, երբ փորձում էր պաշտպանել կնոջը անվտանգության ուժերի ոտնձգություններից, որից հետո կնոջը, ըստ պնդումների, առևանգել են և պահում են Նադտերեչնիի ոստիկանության բաժանմունքում։ Նրա վիճակը այս պահին հայտնի չէ։
Չեչենական Telegram-ի մեկ այլ ալիք՝ ASTRA-ն, ավելի ուշ հայտնել է, որ ավագ լեյտենանտ Ռասուլ Կուսիևը, լեյտենանտ Ադամ Մուդաևը և մայոր Խասան Մուսաևը անվտանգության ուժերից են, որոնց հանձնարարվել է առևանգել Բիսուլթանովին: Հաղորդվում է, որ Մուսաևն է սպանել ակտիվիստին։
«Նա չէր թաքցնում իշխանությունների մասին իր ընդդիմադիր հայացքները, ուստի մեկ անգամ չէ, որ առևանգվել է։ Եվ այս անգամ նորից ցանկացան առևանգել նրան»,- 1ADAT-ը ասել է OC Media-ին:
Նրանց խոսքով՝ երբ Բիսուլթանովի մտերիմ ընկերը՝ Իլյաս Էլմաուրզաևը, լսել է կրակոցների ձայնը, որոշել է զանգահարել ընկերոջը։ Ե՛վ Իլյասի, և՛ նրա եղբոր՝ Իսլամի նկատմամբ նույն օրը դաշնային հետախուզում են հայտարարել: Հաղորդվում է, որ Իլյասին հաջողվել է լքել Չեչնիան, իսկ եղբայրը կամավոր հանձնվել է ուժայիններին։
1ADAT-ը նաև հայտնել է, որ Իսլամ Էլմաուրզաևին կալանավորել և խոշտանգել են Նադտերեչնիի շրջանի ներքին գործերի վարչությունում: Նրա ավագ եղբորը գտել են հաջորդ օրը Կրասնոդարի երկրամասում, որտեղ նրան նույնպես առևանգել են Չեչնիայի անվտանգության ուժերը։
Բիսուլթանովի զարմիկի՝ Մուհամեդի նկատմամբ նույնպես հետախուզում է հայտարարվել։ Տեղական լուրերի համաձայն՝ նա արդեն սահմանին է եղել՝ փորձելով փախչել Չեչնիայից, երբ նրան գտել են և կրակել: Այժմ նա հիվանդանոցում բուժվում է հրազենային վնասվածքի պատճառով։
1ADAT-ը նշում է, որ Չեչնիայում կառավարության քննադատների և ակտիվիստների առևանգումների հաճախականությունը չի նվազել՝ չնայած Ռուսաստանի շարունակվող ներխուժմանը Ուկրաինա:
«Առևանգումների ժամանակ կադիրովցիները [Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի ենթակայության ուժերը] կարող են նաև ծեծել և բռնել ընտանիքի անդամներին»,- ասում են նրանք:
«Չեչեն ժողովրդի ցեղասպանության այս շարքը, նույնիսկ ուկրաինական պատերազմի ժամանակ, չի դադարում»։
Հաղորդվում է, որ Բիսուլթանովի սպանությունից հետո Զնամենսկոյե գյուղում զանգվածային առևանգումներ են տեղի ունեցել, այդ թվում՝ երեխաների։