«Սասնա ծռերի» 7 անդամներ տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկներ

Մայիսի 28-ին ոստիկանության կողմից բերման են ենթարկվել «Սասնա ծռեր» խմբի անդամներ Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Գագիկ Եղիազարյանը, Արեգ Կյուրեղյանը, Սեդրակ Նազարյանը, Էդվարդ Գրիգորյանը և Պավել Մանուկյանը։ Այս մասին տեղեկացնում է «Սասնա ծռերի» Ֆեյսբուքի էջը։

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց վերաբերյալ դատարանը կայացրել էր ազատազրկման դատավճիռ, որը բողոքարկվել էր վճռաբեկ դատարան, պարզ է դառնում, որ ներկայացված բողոքները վարույթ չեն ընդունվել (որի մասին որոշումները որևէ մեկը չի ստացել) և դատավճիռը ուղարկվել է կատարման»,- ասված է «Սասնա ծռերի» հայտարարությունում։

Ավելի ուշ Բարձրագույն դատական խորհուրդը տեղեկացրեց, որ 2021-ի փետրվարի 24-ին Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից քննված քրեական գործով կայացված դատավճիռը մայիսի 26-ին մտել է օրինական ուժի մեջ:

«Հետևաբար՝ 2022-ի մայիսի 27-ին օրինական ուժի մեջ մտած դատական ակտը հանձնվել է ՀՀ ոստիկանությանը և համապատասխան քրեակատարողական հիմնարկներին դատավճռի պահանջները կատարելու համար, որի հիմքով դատապարտյալները ենթակա են տեղափոխման քրեակատարողական հիմնարկներ՝ ազատազրկման ձևով նշանակված պատժի չկրած մասերը կրելու նպատակով»,- նշված է ԲԴԽ հայտարարությունում։