Նախագահը պաշտոնական այցով Վրաստանում է

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր` մայիսի 30-ին, պաշտոնական այցով ժամանել է Վրաստան, հայտնում են նախագահի աշխատակազմից։

Թբիլիսիի «Շոթա Ռուսթավելի» միջազգային օդանավակայանում Վահագն Խաչատուրյանին դիմավորել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին և փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան։

Այցի շրջանակում նախատեսված է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի առանձնազրույցը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ, որին կհաջորդի հանդիպումն ընդլայնված կազմով:

Նախագահ հանդիպումներ կունենա նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ:

Այցի շրջանակում նախագահ Վահագն Խաչատուրյանին կհյուրընկալի համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդը։