Կառավարության մոտ բախման հետևանքով 2 ոստիկան տեղափոխվել է հիվանդանոց, 5 անձ բերման է ենթարկվել

Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց ցուցարարների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախումների հետևանքով 2 ոստիկան տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում են Ոստիկանության լրատվության վարչությունից։

«Այսօր Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմաց տեղի ունեցած հասարակական ակցիայի ընթացքում մի խումբ անձինք բախում են հրահրել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների հետ, ինչի հետևանքով ոստիկանության զորքերի 2 ծառայող տեղափոխվել է բուժհաստատություն»,- ասված է հայտարարությունում։

Ոստիկանությունը տեղեկացնում է նաև, որ 5 անձ բերման է ենթարկվել՝ խուլիգանություն կատարելու կասկածանքով։

«Կրկին հորդորում ենք, հասարակական ակցիաների ընթացքում դրսևորել բացառապես իրավաչափ վարքագիծ և ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին»,- նշված է հայտարարության մեջ։