Վահագնի թաղամասում գտնվող առանձնատանը չեմ տիրապետել, չեմ տիրապետում․ Սեյրան Օհանյան

Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Վահագնի թաղամասում գտնվող առանձնատանը չի տիրապետում, ինչպես նշում է Դատախազությունը։ Հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․

«Ես` Սեյրան Մուշեղի Օհանյանս, պաշտոնապես հայտարարում եմ, որ Վահագնի թաղամասում գտնվող և մամուլում ցուցադրվող առանձնատանը չեմ տիրապետել, չեմ տիրապետում։ Հասարակական նշանակության որևէ օբյեկտի չեմ տիրապետում։

Այսպիսով, ՀՀ_ում կամ նրա սահմաններից դուրս որևէ դատարան չի կարող բռնագանձել սույն շինությունները` որպես ինձ` Սեյրան Օհանյանիս պատկանող գույք, այն էլ` ապօրինի։

Իսկ իմ անվան շուրջ պտտվող ստահոդ լուրերը կապված են Արցախի հարցում իմ` որպես ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավարի հակաիշխանական կոշտ դիրքորոշման և Դիմադրության շարժման պայքարի աճող ինտենսիվության հետ»,- ասված է հայտարարությունում։

***

Դատախազությունը հայտնել է, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել Սեյրան Օհանյանից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցը։

Ըստ հաղորդագրության՝ հայցով պահանջում են դատարանից բռնագանձել Օհանյանին ու նրա հետ փոխկապակցված երեք անձանց պատկանող, Երևանում գտնվող երկու հասարակական նշանակության տարածքները, Վահագնի թաղամասում գտնվող առանձնատունը և մեկ տրանսպորտային միջոց։ Դատախազությունը պահանջում է գույքերի բռնագանձման անհնարինության դեպքում բռնագանձել դրանց միջին շուկայական գումարը՝ գրեթե 1,1 միլիարդ դրամ։

Մեկնաբանել