FLYONE ARMENIA-ն վերսկսում է Թուրքիայի տարածքով Լիոն և Փարիզ չվերթերը

FLYONE ARMENIA ավիաընկերությունը հունիսի 17-ից վերսկսում է Երևան – Լիոն – Երևան, Երևան – Փարիզ – Երևան երթուղով կանոնավոր ուղիղ չվերթերը, հայտնում է ընկերության Ֆեյսբուքի էջը։

Մայիսի 5-ին FLYONE ARMENIA-ն տեղեկացրել էր, որ Թուրքիայի ավիացիոն իշխանությունները ընկերությանը չեն տրամադրել Թուրքիայի օդային տարածքով դեպի եվրոպական երկրներ չվերթերի իրականացման (overflight) հնարավորություն։ Ստեղծված իրավիճակի արդյունքում՝ ավիաընկերությունը մինչև հունիսի 10-ը չեղարկել էր Երևան – Լիոն – Երևան և Երևան – Փարիզ – Երևան ուղղություններով չվերթերը։

Հունիսի 17-ից Երևանի Լիոն և Փարիզ չվերթեր իրականացվելու են շաբաթական երկու անգամ․ «Երևան – Լիոն – Երևան երթուղով չվերթերը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Լիոնի Սենտ Էքզյուպերի օդանավակայան կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի և ուրբաթ օրերին: Երևան – Փարիզ – Երևան երթուղով չվերթերը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից դեպի Փարիզի Շառլ դը Գոլ միջազգային օդանավակայան կիրականցվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ երեքշաբթի և շաբաթ օրերին»,- ասված է հայտարարությունում։

ՍիվիլՆեթի հետ զրույցում FLYONE ARMENIA-ից հայտնեցին, որ չվերթերը կրկին իրականացվելու են Թուրքիայի տարածքով․ «Մենք ունենք Թուրքիայի օդային տարածքով overflight կատարելու թույլտվություն։ Չվերթերն իրականացվելու են ըստ ժամանակացույցի»։

Այլ մանրամասներ, թե ինչպես է Թուրքիայի տարածքով չվերթերի թույլտվությունը ձեռքբերվել, ավիաընկերությունից չհայտնեցին։

Մեկնաբանել