Հայաստանի և Վրաստանի նախագահները քննարկել են Պարսից ծոց – Սև ծով միջանցքի հարցը

Հայաստանի և Վրաստանի նախագահներ Վահագն Խաչատուրյանը և Սալոմե Զուրաբիշվիլին մայիսի 30-ին Վրաստանի նախագահի նստավայրում տեղի ունեցած հանդիպումների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հայտարարություններով:

Վահագն Խաչատուրյանի նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Վրաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացմանն ու ամրապնդմանը։

«Հայ-վրացական հարաբերությունները դինամիկ զարգացում են արձանագրել, և իզուր չէ, որ ՀՀ կառավարության ծրագրում այդ հարաբերությունները որակվել են առանձնահատուկ բարիդրացիական: Հարաբերությունների նման որակումը պայմանավորված է ամենաբարձր մակարդակով երկկողմ հանդիպումների պարբերական բնույթով, միջգերատեսչական ակտիվ շփումներով, ամենատարբեր ոլորտներում փոխգործակցության տեմպի աճով, և որ շատ կարևոր է, վերոնշյալ գործընթացները հիմնված են լիակատար փոխվստահության ու հարգանքի վրա»,- հայտարարել է նախագահը։

Հայաստանի և Վրաստանի նախագահները քննարկել են տրանսպորտի, կապի, հաղորդակցության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր։

«Մասնավորապես քննարկել ենք ենթակառուցվածքային ծրագրերի վերաբերյալ հարցերը, որոնք միտված են ապահովելու տրանսպորտային և հաղորդակցության միջազգային նախագծերում անհրաժեշտ ներգրավվածությունը, ինչպիսիք են՝ Պարսից ծոց – Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքները»,- ասել է Խաչատուրյանը։

Հանդիպման ընթացքում անդրադարձել է եղել նաև անվտանգային և տարածաշրջանային նշանակության հարցերի։