Ալիևին հետաքրքիր չէ կարգավիճակի հարցում իջեցված նշաձողը

Մայիսի 27-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Զանգելան կատարած այցի ընթացքում մի շարք աղմկահարույց հայտարարություններ է արել, որոնք ի ցույց են դրել վերջին շրջանի հայ-ադրբեջանական բանակցություններում կողմերի միջև առկա հակասությունները: Ալիևը հերթական անգամ կրկնել է Ադրբեջանի այն դիրքորոշումը, որ Ղարաբաղյան հակամարտությունը ավարտված է, և «Լեռնային Ղարաբաղ» անվանմամբ վարչատարածքային միավոր նույնիսկ գոյություն չունի: Նա Զանգելանում պնդել է, որ Բաքվի այս դիրքորոշումը ընդունում է միջազգային հանրությունը՝ որպես դրա ապացույց ներկայացնելով ԵՄ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մայիսի 22-ի հայտարարությունը։ Դրանում «Լեռնային Ղարաբաղ» եզրույթի փոխարեն օգտագործված էր «Ղարաբաղ» տեղանունը: Իր ելույթի այդ հատվածում Ադրբեջանի նախագահը, մասնավորապես, նշել է․ «Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվել է. մենք լուծել ենք այս հարցը, և դա ընդունում է ողջ աշխարհը՝ Հայաստանը ցանկանա կամ ոչ։ Ինչ վերաբերում է «Լեռնային Ղարաբաղ» կոչվող վարչական միավորին, ապա Ադրբեջանի տարածքում նման միավոր չկա։ «Լեռնային Ղարաբաղ» բառը միջազգային կազմակերպությունների բառապաշարում ևս չկա, և Բրյուսելում վերջերս կայացած հանդիպումը ապացուցեց դա։ Ճիշտ է, Հայաստանը հերթական անգամ բարձրացրել է այդ հարցը և, ինչպես ասում են, գլուխը պատին է խփում, բայց սա է իրականությունը, և նա պետք է հաշտվի դրա հետ»:

Ալիևը հավելել է նաև, որ Ադրբեջանը բազմազգ ու բազմադավան պետություն է, որտեղ բոլոր ազգերի ներկայացուցիչները հարմարավետ են ապրում և օգտվում են բոլոր իրավունքներից։ Նա նշել է, որ Ադրբեջանում ազգային և կրոնական հողի վրա խտրականություն երբեք չի եղել և չի լինելու՝ եզրահանգելով, որ Ադրբեջանում ապրող հայերի իրավունքներն ու անվտանգությունը նույնքան կարևոր են, որքան Ադրբեջանում ապրող այլ ժողովուրդների անվտանգությունն ու իրավունքները, և նրանց համար հատուկ արտոնություն չի կարող լինել:

Ինչպես տեսնում ենք Ադրբեջանի նախագահը այս հայտարարությամբ հրապարակայնորեն մերժել է հայկական կողմի այն դիրքորոշումը, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները պետք է ընթանան Ադրբեջանի կողմից առաջ քաշված 5 սկզբունքների և Հայաստանի 6 կետերի հիման վրա:

Հիշեցնենք, որ Հայաստանի կողմից ներկայացված փաթեթում առանցքային նշանակություն ուներ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների, անվտանգության, ինչպես նաև ԼՂ վերջնական կարգավիճակի մասին կետը: Ի սկզբանե ակնհայտ էր, որ Ադրբեջանը չի պատրաստվում այս հարցերի շուրջ բովանդակային բանակցություններ սկսել Հայաստանի հետ: Բաքվի դիրքորոշումը շարունակում է մնալ առավելապաշտական ու, ինչպես և ակնկալվում էր, նույնիսկ ՀՀ իշխանությունների կողմից կարգավիճակի հարցում նշաձողը իջեցնելու վերաբերյալ հայտարարությունները չեն հետաքրքրում Բաքվին:

Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո Հայաստանի կողմից բարձրացվող՝ Լեռնային Ղարաբաղի անվտանգության ու կարգավիճակի հարցին որպես հակակշիռ Բաքուն պարբերաբար օգտագործում է Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների թեման: Այս անգամ ևս Ալիևը զերծ չի մնացել այդ քայլից: Նա, մասնավորապես, «հինավուրց ադրբեջանական հող» է անվանել այսպես կոչված «Արևմտյան Զանգեզուրը» և նշել, որ եթե Հայաստանը շարունակի հատուկ պահանջներ ներկայացնել, Բաքուն ևս տարածքային պահանջներ կներկայացնի Երևանին:

Այս ոճի հայտարարությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանին տարածաշրջանային խաղաղություն պետք է միայն սեփական պայմաններով: Այդ առումով միամտություն էր մտածել, թե Հայաստանի կողմից սեփական դիրքորոշումներից հրաժավելու քաղաքականությունը կարող էր որևէ կառուցողական արձագանքի արժանանալ Ադրբեջանի իշխանությունների կողմից:

Ալիևը Զանգելանում հերթական անգամ հայտարարություն է արել նաև այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ: Նա, մասնավորապես, նշել է․

«Մյուս կարևոր խնդիրը Զանգեզուրի միջանցքի բացումն է։ Հայաստանը միշտ փորձել է դա կանխել։ Բայց տեսեք բրյուսելյան հանդիպման արդյունքներով պաշտոնական հայտարարությունը. արդեն սահմանվել է, որ և՛ երկաթուղին, և՛ ավտոմայրուղին անցնում են Մեղրիով և Զանգեզուրով։ Մենք ենք թելադրում օրակարգը: Ինչո՞ւ: Ելնելով պատերազմի արդյունքներից։ Մենք հաղթանակած պետություն ենք, Հայաստանը պարտված պետություն է»:

Ալիևի այս հայտարարությանն արձագանքել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը: Նա ասել է, որ Երևանը բացառում է Հայաստանի տարածքում որևէ միջանցքի գոյությունը: Նա հավելել է նաև, որ դեռևս որևէ պայմանավորվածություն չկա ավտոճանապարհների երթուղու վերաբերյալ:

Այս հեռակա բանավեճի մեջ ամենայն հավանականությամբ հայկական կողմի պնդումները ավելի են մոտ իրականությանը: Շառլ Միշելի բրյուսելյան հայտարարության մեջ տեղ գտած ձևակերպումները ավելի շուտ բացառում էին միջանցքային տրամաբանությունը ապաշրջափակման գործընթացում, քանի որ նույն հարթության մեջ էին դնում մայրացամաքային Ադրբեջանը Նախիջևանին կապող ուղին Երևանը Մեղրիի հետ Նախիջևանի տարածքով կապող ուղու հետ:

Այդ առումով կարելի է ենթադրել, որ Ալիևի այս պնդումները ներքին սպառման համար էին արված: Սա, սակայն, ցույց է տալիս, որ այս գործընթացում կողմերի միջև շարունակում են լուրջ հակասություններ գոյություն ունենալ՝ հատկապես մայրցամաքային Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանին կապող ավտոճանապարհի հարցում:

Այստեղ երկու հիմնական խնդիր կա․ Ադրբեջանը փորձում է այդ ճանապահի համար նույն կարգավիճակը ստանալ, ինչ ունի Լաչինի միջանցքը: Բաքուն սպառնում է Լաչինի միջանցքում մաքսակետեր ու անցակետեր տեղադրել, եթե Հայաստանը չընդունի իր պահանջները վերոնշյալ հարցում: Երկրորդ խնդիրը կապված է ավտոճանապարհի ուղու հետ: Ադրբեջանը ցանկանում է, որ ավտոճանապարհը ևս անցնի Մեղրիով, իսկ Հայաստանը այլընտրանքային տարբերակներ է առաջարկում: Ինչպես պարզ դարձավ Միրզոյանի հայտարարությունից, այս երկու հարցի շուրջ դեռևս չի հաջողվել պայմանավորվածություն ձեռք բերել: Ակնհայտ է, որ Բաքուն այստեղ ևս փորձելու է հասնել իր համար ցանկալի լուծումների՝ օգտագործելով ուժային դիվանագիտության մարտավարությունը: