Հարավային Օսիան չեղարկել է Ռուսաստանին միանալու հանրաքվեն

Stalin Տեսարան Հարավային Օսիայից։

Ռոբին Ֆաբրո, OC Media

Հարավային Օսիայի նախագահ Ալան Գագլոևը հրամանագիր է ստորագրել Ռուսաստանին Հարավային Օսիայի միացման վերաբերյալ ծրագրված հանրաքվեն կասեցնելու մասին, հաղորդում է hարավoսական պետական RES գործակալությունը։

Ըստ RES-ի՝ Գագլոևի հրամանագրում նշվում է «Ռուսաստանի Դաշնության օրինական իրավունքների և շահերի վրա ազդող հարցերի վերաբերյալ հանրաքվե անցկացնելու միակողմանի որոշման անընդունելիությունը»։

Հանրաքվեն նշանակվել էր այն ժամանակվա նախագահ Անատոլի Բիբիլովի կողմից մայիսի 13-ին՝ ընտրություններում Գագլոևի կողմից պարտություն կրելուց մի քանի օր անց, բայց մինչ Գագլոևի երդմնակալությունը: Հանրաքվեն պետք է անցկացվեր հուլիսի 17-ին։

Ռուս բարձրաստիճան պաշտոնյաները հեռու են մնացել առաջարկներից, Կրեմլի խոսնակ Դիմիտրի Պեսկովը մայիսի սկզբին պնդել էր, որ ռուսական կողմից «ոչ մի քայլ» չի ձեռնարկվել կամ չի ծրագրվել Հարավային Օսիան Ռուսաստանի Դաշնության կազմում ընդունելու համար: Նա նաև նախաձեռնությունն անվանել էր «իրավաբանորեն թերի»։

Բիբիլովը հանրաքվեի հարցը դարձրել էր իր նախընտրական արշավի կենտրոնական մասը, մինչդեռ Գագլոևը թերահավատություն էր հայտնել առանց Մոսկվայի համաձայնության դա անցկացնելու առնչությամբ։

Հարավային Օսիայի սահմանադրությունը երաշխավորում է քաղաքացիների՝ հանրաքվե նշանակելու իրավունքը, և թե՛ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, թե՛ Գերագույն դատարանը հաստատել էին Բիբիլովի առաջարկի վավերականությունը։

Այնուամենայնիվ, երկուշաբթի երեկոյան ստորագրված հրամանագրում Գագլոևը պնդում է, որ անորոշություն կա քվեարկության դրվող «հարցի իրավական հետևանքների հարցում»։

Հրամանագրում նշվում էր, որ Մոսկվայի հետ խորհրդակցություններ են անցկացվելու Հարավային Օսիայի հետագա ինտեգրման վերաբերյալ։ Նշվում է, որ նախագահը «ամբողջությամբ [աջակցում է] [Հարավային Օսիայի և Ռուսաստանի] հետագա ինտեգրման վերաբերյալ Հարավային Օսիայի Հանրապետության քաղաքացիների նախաձեռնությանը»։

Հրամանագրի համաձայն՝ Գագլոևի գլխավորությամբ Ռուսաստան կուղարկվի պատվիրակություն, որի կազմում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և Գերագույն դատարանի ղեկավարներ, ինչպես նաև արտաքին գործերի նախարարն ու խորհրդարանի նախագահը։

Հարավային Օսիան ՄԱԿ-ի բոլոր անդամ երկրների կողմից, բացառությամբ հինգի, ճանաչված է որպես Վրաստանի մաս, որը ցանկացած հանրաքվե այդ տարածքում անօրինական է համարում:

Տե՛ս նաև՝

Հարավային Օսիան Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվե կանցկացնի

Հարավային Օսիան Ռուսաստանի միանալու հանրաքվե կանցկանցի հուլիսի 17-ին

Մեկնաբանել