Կառավարության մոտ բախումների առթիվ հարուցվել է քրեական գործ, ձերբակալվել է ութ անձ

Քննչական կոմիտեն հայտնում է, որ մայիսի 30-ին կառավարական 3-րդ մասնաշենքի դիմաց «Դիմադրություն» շարժման հավաքի ընթացքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Այս պահի դրությամբ կա ձերբակալված ութ անձ:

«Կառավարական տան դիմաց ընդդիմադիր պատգամավորները փորձել են մուտք գործել մասնաշենք, որտեղ հասարակական կարգի պահպանությունն իրականացնող ոստիկանության ծառայողներից տեղեկացել են, որ նախարարները տվյալ պահին չեն կարող ընդունել իրենց: Հավաքի կազմակերպիչները կոչ են արել ճեղքել ոստիկանական պատը և ներխուժել մասնաշենք, ինչից հետո մասնակիցները շարժվել են դեպի Կառավարական 3-րդ տան մուտքի առջև ծառայություն իրականացնող ոստիկաններից կազմված պատնեշը, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին, սկսել են զանգվածային անկարգություններ՝ հրել ու հարվածներ են հասցրել նրանց և այդ կերպ բռնություն գործադրելով վերջիններիս նկատմամբ՝ ճեղքել են պատնեշը, առաջացել, կոտրել մասնաշենքի դռներն ու ապակիները, մուտք գործել շենքի նախասրահ»,- ասված է հաղորդագրությունում։

Բախումների ընթացքում մեկ տասնյակից ավելի ոստիկաններ ստացել են մարմնական վնասվածքներ, 2 ոստիկան տեղափոխվել է հիվանդանոց։

Մեկնաբանել