Սերժ Սարգսյանի եղբորորդին չի համաներվում

Անի Գրիգորյան, #CivilNetCheck

«Ժողովուրդ» օրաթերթը մայիսի 5-ին գրել է, թե երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանը, շուտով ազատ կարձակվի։

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ շուրջ 3 տարի «Երևան Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում՝ «ԿԳԲ-ի պադվալում», կալանքի տակ գտնվող Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Նարեկ Սարգսյանը, համաներմամբ ազատ կարձակվի»,- նշված էր հոդվածում։

Հոդվածն արտատպել են մեծ թվով լրատվականներ՝ tert.am, aravot.am, news.am, pastinfo.am, lurer.com և այլն։ Տեղեկությունը լայն քննարկման առարկա էր դարձել։

Նարեկ Սարգսյանը 2021-ի հունիսի 16-ին դատապարտվել էր 5 տարի 6 ամիս ժամկետով։ Նա մեղավոր էր ճանաչվել ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, առանձնապես խոշոր չափով թմրանյութերի ապօրինի շրջանառության և մարդուն առևանգելը կազմակերպելու համար։ Դատարանը հաշվակցել էր Սարգսյանի անազատության մեջ գտնվելու ժամկետը և նրա նկատմամբ վերջնական պատիժ նշանակել 3 տարի 6 ամիս 23 օր ժամկետով ազատազրկումը: 2018 թվականի հուլիսից Նարեկ Սարգսյանը հետախուզվում էր։ Նա հայտնաբերվել էր Չեխիայում՝ Ֆրանկլին Գոնսալես անվամբ, 2019-ին դեկտեմբերին Սարգսյանն արտահանձնվել էր Հայաստանին։

Կարո՞ղ էր Նարեկ Սարգսյանը համաներվել

ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ CivilNetCheck-ը, հարցում ուղարկեց Արդարադատության նախարարություն՝ «Ժողովուրդի» տարածած տեղեկատվության վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար։

Նախարարությունը նախ հայտնեց, որ ներկա պահին «Համաներում հայտարարելու մասին» օրենքի որևէ նախագիծ չի մշակում։

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի եղբորորդուն, ապա նախարարությունից նշել են. «Կալանավորված անձ Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանի վերաբերյալ դեռևս առկա չէ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ, գործը գտնվում է դատաքննության փուլում, իսկ վարույթն իրականացնող մարմինը հանդիսանում է դատարանը, ուստի ՀՀ արդարադատության նախարարությունը որևէ իրավասություն չունի համաներում կիրառելու առնչությամբ»։

Քանի որ Նարեկ Սարգսյանի պաշտպանները առաջին ատյանի դատարանի կայացրած դատավճիռը բողոքարկել էին Վերաքննիչ դատարանում, այն օրինական ուժի մեջ չի մտել։ Իսկ քանի որ դատավճիռը օրինական ուժի մեջ չէր մտել, համաներում էլ չէր կարող կիրառվել Սարգսյանի նկատմամբ։

Նշենք, որ եթե որոշում ընդունվի այն բողոքարկել նաև Վճռաբեկ դատարանում, ապա այս գործընթացն ավելի կերկարի։ CivilNetCheck-ը կապ հաստատեց Նարեկ Սարգսյանի պաշտպաններից Աշոտ Ստեփանյանի հետ։ Վերջինս նշեց, որ այս պահին Վճռաբեկ դատարան դիմելու որոշում չունեն։ Իսկ դատավճիռը մինչ այս պահը օրինական ուժի մեջ չի մտել, իսկ Նարեկ Սարգսյանը անազատության մեջ է։

Ավանդաբար Հայաստանում համաներում հայտարարվել է նշանակալից տոների կապակցությամբ։ Վերջին անգամ համաներում հայտարարվել էր 2018 թվականին՝ Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ։

Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը պատկանում է նախկինում «Իմ քայլը», այժմ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանին։ Նրանք այս «տեղեկությունը» տարածել էին, փաստացի, Երևանում ընդդիմադիրների ցույցերի մեկնարկից հետո։

Մեկնաբանել