Պուտինը ծննդյան առթիվ շնորհավորել է Փաշինյանին, քննարկել տարածաշրջանային հարցեր

Հունիսի 1-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի միջև:

«ՌԴ նախագահը Հայաստանի վարչապետին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով և լավագույն մաղթանքներ փոխանցել: Վարչապետ Փաշինյանը ՌԴ նախագահին շնորհակալություն է հայտնել ծննդյան օրվա առիթով հեռախոսազանգի համար և ընդգծել, որ բարձր է գնահատում ՌԴ նախագահի ջերմ, բարեկամական վերաբերմունքը:

Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստան-Ռուսաստան երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խնդիրներին, հայ-ադրբեջանական սահմանային իրադրությանը:

ՌԴ նախագահը ողջունել է Հայաստան-Ադրբեջան սահմանի դեմարկացիայի և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի առաջին հանդիպումը և վերահաստատել է Ռուսաստանի պատրաստակամությունն աջակցել սահմանների դեմարկացիայի գործընթացին: Ընդգծվել է, որ համաձայն պայմանավորվածության, հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա Մոսկվայում:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման խնդրին և եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքներն ակտիվացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Վարչապետ Փաշինյանը ՌԴ նախագահի հետ տպավորություններ է կիսել Բրյուսելյան վերջին հանդիպումից և մտահոգություն հայտնել հանդիպումից հետո քննարկումների էության հետ կապ չունեցող մեկնաբանությունների առիթով:

ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի ս/թ ապրիլի 19-ի համատեղ հայտարարության դրույթներին համապատասխան զրուցակիցները քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ կապված հարցեր, մասնավորապես՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության աշխատանքներն ակտիվացնելու հնարավորությունը»,- ասված է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունում։

Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների իրագործումը, շեշտվել է տարածաշրջանային կայունության ապահովան ուղղությամբ համատեղ աշխատանքի ակտիվացման կարևորությունը։

Կրեմլը հայտնում է, որ Փաշինյանը Պուտինին տեղեկացրել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ մայիսի 22-ի իր հանդիպման մասին։

Ռուսաստանի նախագահը, բացի հեռախոսազրույցից, նաև շնորհավորական հեռագիր է հղել Հայաստանի վարչապետին։

Մեկնաբանել