Ադրբեջանական ուժերը կրկին առաջ չեն եկել Ներքին Հանդի հատվածում․ ՊՆ

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ադրբեջանական ստորաբաժանումները կրկին առաջ չեն եկել Ներքին Հանդի դիմաց գտնվող լեռնային տեղանքում:

«Լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունը, թե «ադրբեջանական ստորաբաժանումները կրկին առաջ են եկել ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի դիմաց գտնվող լեռնային տեղանքում», չի համապատասխանում իրականությանը։ Սահմանի նշված հատվածում ադրբեջանական ստորաբաժանումների տեղակայումն արձանագրվել է 2020-ի նոյեմբերի 9-ից հետո, հետպատերազմյան շրջանում»,- ասված է հաղորդագրությունում։

Գերատեսչությունից նշում են, որ տեղակայման փաստն արձանագրելուց հետո Հայաստանի զինված ուժերի կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ քայլեր՝ ադրբեջանական դիրքերը վերահսկողության տակ վերցնելու ուղղությամբ․ «Նշված տարածքում ադրբեջանական զինծառայողների շարժը լիարժեք վերահսկելի է, իսկ առաջխաղացման որևէ փորձ կհանգեցնի պատասխան գործողությունների»։

Պաշտպանության նախարարությունը կոչ է անում զերծ մնալ հանրության շրջանում անհիմն լարվածություններ առաջացնող տեղեկություններ տարածելուց։

Մեկնաբանել