44-օրյա պատերազմի համար նախատեսված զենքն ապօրինի ՀՀ տեղափոխելու համար դատապարտվել է 32 անձ

Արցախյան պատերազմի համար նախատեսված զենք-զինամթերքն ապօրինի Հայաստան տեղափոխելու և շրջանառելու համար դատի է տրվել 54 անձ, 32-ը՝ դատապարտվել է։

Հայաստանի գլխավոր դատախազությունն ամփոփել է 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո ռազմական գործողությունների շրջանններից զենք-զինամթերք ապօրինի կերպով ձեռք բերելու, հափշտակելու, ՀՀ տեղափոխելու, ապօրինի կերպով պահելու, շրջանառելու դեպքերով իրականացված քննությունների շարժընթացը 2022-ի ապրիլի 1-ի դրությամբ:

Ըստ այդմ, ապօրինի զենք տեղափոխելու և պահելու դեպքերի առթիվ նախապատրաստված 756 նյութերից 219-ով հարուցվել է քրեական գործ․ «Նշված քրեական գործերից 16-ը միացվել է այլ գործերի, 38-ով կայացվել է հիմնականում առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը հայտնի չլինելու, առանձին դեպքերում քննությունից մեղադրյալի թաքնվելու, գտնվելու վայրը հայտնի չլինելու հիմքերով վարույթի կասեցնելու որոշում: Իսկ 63 քրեական գործի վարույթ կարճվել է, որոնցից 38-ը՝ արդարացնող, 25-ը՝ ոչ արդարացնող հիմքերով: 60 քրեական գործով նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում։

Որպես մեղադրյալ է ներգրավվել 93 անձ, որոնց մի մասի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Դատարան ուղարկված 29 գործով 32 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ: 20 անձի վերաբերյալ 13 գործով դատաքննությունը շարունակվում է:

Զենք-զինամթերքի մի մասը հայտնաբերվել է Արցախ-Հայաստան ավտոճանապարհի հսկիչ կետերում կատարված ստուգումների, իսկ զգալի մասը՝ հետագայում կատարված միջոցառումների արդյունքում:

«Քննված և քննվող քրեական գործերի նյութերի ուսումնասիրությունը փաստում է, որ զենքը, ռազմամթերքը ձեռք են բերվել Արցախի պաշտպանական տարբեր շրջաններից և կիրառվել կամ նախատեսված են եղել օգտագործելու պատերազմի ընթացքում թշնամու դեմ գործողություններում: Հայտնաբերվել և առգրավվել են հիմնականում տարբեր տեսակի ինքնաձիգներ, գնդացիրներ, ատրճանակներ, սվին-դանակներ, օպտիկական սարքերով հրազեններ, հակատանկային նռնականետեր, տարբեր տրամաչափի փամփուշտներ, պայթուցիչներ, տարբեր տիպի նռնակներ, տրոտիլային խորանարդիկներ, էլեկտրական դետոնացման սարքեր, շրջանառությունն արգելված բազմաթիվ այլ առարկաներ»,- տեղեկացնում է դատախազությունը։