Լոռու մարզում պարեկները բռնությունների են ենթարկվում. Դատախազություն

Դատախազությունը հայտնում է, որ Լոռու մարզում նոր ներդրված պարեկային ծառայության աշխատակիցներ են բռնությունների ենթարկվում։

«Ոստիկանության պարեկային ծառայության՝ Լոռու մարզում գործարկվելու օրվանից՝ 2022 թվականի ապրիլի 16-ից մինչև մայիսի 25-ն ընկած ժամանակահատվածում, պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի ծառայողների՝ որպես իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու և համակցված այլ հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցվել է ընդհանուր թվով 4 քրեական գործ, որոնցով ներկայումս կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում է դատախազությունը։

4 քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրավված 7 անձանցից 5-ի նկատմամբ խափանման միջոց կալանավորում ընտրելու մասին միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են։

Ըստ հաղորդագրության՝ բռնություն գործադրելու դեպքերը եղել են տարաբնույթ իրավախախտումների կապակցությամբ կանգնեցված ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների վարորդների և ուղևորների կողմից։

«Դատախազությունը քաղաքացիներին խստորեն զգուշացնում է ձեռնպահ մնալ իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության ծաառայողների, տվյալ դեպքում մարզի տարածքում նոր ներդրված պարեկային ծառայության աշխատակիցների նկատմամբ որևէ հանցավոր ոտնձգություն կատարելուց, իսկ նրանց գործողությունների հետ անհամաձայնություններ ունենալու դեպքում դիմել վերադասության կարգով կամ այդ գործողությունների իրավաչափության խնդիրը բարձրացնել սահմանված իրավական ընթացակարգերով: Հակառակ դեպքում հակազդեցությունը լինելու է կոշտ, և դատախազությունը հետամուտ է լինելու նման արարքներ կատարող անձանց քրեական պատասխանատվության ենթարկելուն»,- նշված է հաղորդագրության մեջ։