Անի Գրիգորյան, #CivilNetCheck
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հունիսի 1-ին Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով նախարարների աշխատավարձերին և պարգևավճարներին, ինչպես նաև, նա խոսքով, «դրա քիչ լինելուն», նշել է, որ ինքը մինչև պաշտոնյա դառնալը «շատ ավելի լավ էր ապրում»։
«Ժողովուրդ ջան, ձեզ ինչի՞ է թվում, որ մենք մինչև նախարար կամ պաշտոնյա դառնալը սոված մեռնում էինք, մենք շատ ավելի լավ էինք ապրում, հատկապես՝ ես»,- «Առավոտի» փոխանցմամբ ասել է նախարարը։
Սանոսյանի այս հայտարարությունը, սակայն, չի համապատասխանում պաշտոնը ստանձնելու կապակցությամբ իր ներկարացրած հայտարարագրին։
Գնել Սանոսյանը 2018-ի հեղափոխությունից առաջ, ըստ պաշտոնական կենսագրության, դասախոսել է Արտաքին տնտեսական կապերի համալսարանում՝ 2016-ից։
2018-ի մայիսի 29-ին Սանոսյանը նշանակվել է բնապահպանության նախարարի տեղակալ և պաշտոն ստանձնելու կապակցությամբ ներկայացրել գույքի և եկամուտների հայտարարագիր։
Անշարժ և շարժական գույքի ցանկում Սանոսյանը հայտարարագրել էր մեկ բնակելի տուն, երեք հողամաս և մեկ ավտոմեքենա՝ MERCEDES-BENZ 240։
Սանոսյանի դրամական միջոցները կազմում էին 1,1 միլիոն դրամ և 90 000 ռուբլի։
Իսկ եկամուտները ընդամենը՝ 41 650 դրամ։
2018-ի հոկտեմբերին Սանոսյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզպետ և արդեն 2019-ին ներկայացրել տարեկան հայտարարագիր։
2018-ի վերջում Սանոսյանի դրամական միջոցները պակասել էին, սակայն աշխատավարձը տասնապատկվել էր՝ կազմելով ավելի քան 4 միլիոն դրամ։
2019-ին Սանոսյանի ստացած եկամուտները կրկնապատկվել են։ Գեղարքունիքի մարզպետի պաշտոնում նա ստացել է 10,8 միլիոն դրամ։ 44 990 դրամ էլ ստացել է Արտաքին տնտեսական կապերի համալսարանից:
Դրամական միջոցները ևս ավելացել են։ Նա նշել է, որ տարվա վերջում ունեցել է 1,4 միլիոն դրամ, 70 000 ռուբլի, իսկ բանկային հաշվին առկա էր 653 դրամ։
Սանոսյանը վերջին հայտարարագիրը ներկայացրել է նախորդ տարի՝ 2021-ին, հայտարարագրելով 2020-ին տիրապետած գույքն ու եկամուտները։
Ըստ դրա՝ Սանոսյանի դրամական միջոցները կրկին ավելացել են. ունեցել է 1,8 միլիոն դրամ, 70 000 ռուբլի կանխիկ դրամ, իսկ բանկային հաշվին՝ 618 000 դրամ։
Որպես Գեղարքունիքի մարզպետ նա ստացել է 10,6 միլիոն դրամ եկամուտ, իսկ Արտաքին տնտեսական կապերի համալսարանից՝ 5 567 դրամ։
2021-ի հայտարարագիրն արդեն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը դեռ չի ներկայացրել։ Հնարավոր է, որ նրա եկամուտներն ավելացած լինեն, քանի որ նախարարների աշխատավարձերն ու պարգևավճարներն ավելի բարձր են։
Այսպիսով, ուսումնասիրելով Սանոսյանի հայտարարագիրը, պարզ է դառնում, որ վերջինիս եկամուտներն աճել են պաշտոնյա դառնալուց ի վեր՝ չնայախ պնդմանը, որ մինչև նախարար դառնալն ավելի լավ է ապրել։