Միասին ընտրենք Գյումրու ավագանու մեր թեկնածուներին. «Քաղաքը մերն է»

«Քաղաքացիական նախաձեռնությունը, հրապարակելով այս ցանկը, ակնկալում է ԶԼՄ-ների աջակցությունը այն տարածելու ուղղությամբ, ինչպես նաև առաջիկա 3 օրերի ընթացքում ակնկալում է հանրային արձագանքներ` առաջարկություններ, կարծիքներ, գնահատականներ և հնարավոր քննադատություն այս թիմի և առանձին անձանց թեկնածությունների ու գործունեության վերաբերյալ:

Կարծիքները կարող են հայտնել ինչպես հնարավոր թեկնածուների կենսագրականների տակ եղած ֆեյսբուքյան էջերում, այնպես էլ` [email protected] էլեկտրոնային հասցեով և ֆեյսբուքյան «Քաղաքը մերն է» էջում.

Բոլոր արտահայտված կարծիքների ուսումնասիրությունից հետո օգոստոսի 6-ին կորոշվեն նախաձեռնության թեկնածուները, որոնք էլ մինչև օգոստոսի 10-ը կառաջադրվեն որպես Գյումրու ավագանու անդամության թեկնածուներ: Նրանք ներկայացված են այբբենական կարգով:

ԱՍՏՂԻԿ ԲԱԽԱԼԲԱՇՅԱՆ

Իրավագետ, աստղաֆիզիկոս, սոցիալական աշխատանքի մասնագետ, կիրառական տնտեսագիտության դասավանդող, հասարակական գործիչ:

Ծնվել է 1954 թ. Լինինականում: 1970թ. ավարտել է թիվ 9 դպրոցը ոսկե մեդալով: 1974թ. ավարտել է Լենինականի պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետի ֆիզիկայի բաժինը, 1975-1980 թթ. Լենինգրադի (Սանկտ Պետերբուրգ) Գերցենի անվան պետական մանկավարժական համալսարանի տեսական ֆիզիկայի և աստղագիտության ամբիոնում` ստաժոր-դասախոս, ստաժոր-հետազոտող, Տեսական ֆիզիկա և մաթեմատիկա մասնագիտությամբ ասպիրանտ, ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Պուլկովոյի գլխավոր աստղադիտարանում կատարել է գիտահետազոտական աշխատանքներ Աստղաֆիզիկայի բնագավառում: Մասնակցել է «Հայաստանի Պատանեկան նվաճումներ» ՀԿ-ի կազմակերպած վերապատրաստման դասընթացներին.

Մի շարք վերապատրաստումներ է անցել մարդու իրավունքներ, քաղաքացիական կրթություն, պետության եւ իրավունքի հիմունքների ուսուցումների համար: 2005թ. ավարտել է Երեւանի Հյուսիսային Համալսարանը` «Իրավագիտություն» մասնագիտությամբ` գերազանցության դիպլոմով: 2004-2005թթ. վերապատրաստվել է Երեւանի պետական համալսարանի Սոցիոլոգիայի ֆակուլտետի հեռաուսուցման կենտրոնում «Սոցիալական աշխատանք» մասնագիտությամբ:

1975-1980թթ ուսմանը զուգահեռ դասավանդել է Սանկտ Պետերբուրգի Գերցենի անվան պետական մանկավարժական համալսարանում: 1982 թվականից աշխատում է Գյումրու պետական մանկավարժական ինստիտում` դասախոս: Տասնյակ գիտամանկավարժական հոդվածների հեղինակ է: 2001-2004 թթ. աշխատել է IFES Հայաստան ծրագրում: «ՀԵՆԿ» ՀԿ-ի Շիրակի մարզային գրասենյակի ղեկավարն է, «Կանանց Հանրապետական Խորհուրդ» ՀԿ-ի համանախագահության անդամ է: Համագործակցում է մի շարք հասարակական կազմակերպությունների հետ:

Ամուսնացած է, ունի մեկ որդի:

Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներին

[email protected]

ԼԵՎՈՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Ծնվել է 1967 թվին Լենինականում, ավարտել է 9-րդ դպրոցը 1984-ի, Լենինականի նկարչական դպրոցը` 1982-ին, ավարտել է Երևանի պետական համալսարանը 1991-ին, ստանալով երկրաբան-երկրաֆիզիկոսի և լրագրող-ֆոտոթղթակցի մասնագիտությունները:

1991-1992-ին աշխարհագրություն է դասավանդել Հայկաձոր գյուղում: 1992-2002 թվականներին աշխատել է Գյումրու «Ցայգ», «Շանթ» հեռուստաընկերություններում, «ՏՄ» եւ «Շանթ» ռադիոկայաններում, «Շանթ» շաբաթաթերթում, կատարելով լրագրողի, հաղորդավարի, գլխավոր խմբագրի, տնօրենի և այլ աշխատաքններ: 2004-ից www.asparez.am կայքի, իսկ 2011-ից «Գյումրի-Ասպարեզ» օրաթերթի խմբագիրն է:

2000-ին համախոհների հետ հիմնել է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, որի խորհրդի նախագահն է մինչ օրս: 1994-ից մասնակցել է մի քանի տասնյակ վերապատրաստումների, եղել է մի շարք քաղաքացիական նախաձեռնությունների և իրավապաշտպան գործողությունների հիմնադիր կամ անդամ: Ղեկավարում է ակումբի` Հայաստանում տեղեկատվության ազատության ներդրման և այլ ծրագրերը: Մի քանի հարյուր հոդվածների, մի քանի ֆիլմերի հեղինակ է: 2004-ին կազմել է Գյումրու առաջին ուղեցույց քարտեզը:

1985-1987թթ ծառայել է Խորհրդային բանակում, մասնակցելով ԲԱՄ-ի կառուցմանը, պարգևատրվել է «ԲԱՄ-ի կառուցման համար» ԽՍՍՀ մեդալով: Մի քանի մրցանակներ է ստացել ԶԼՄ ոլորտում կատարած աշխատանքների համար:

Այրի է, ունի մեկ որդի և մեկ թոռ:

Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներին, իսկ թուրքերենին և վրացերենին` թույլ:

[email protected]

ԱՐՏԱՇԵՍ ԲՈՅԱՋՅԱՆ

Ծնվել է 1965 թվին Լենինական քաղաքում: 1983թ. ավարտել է Լենինականի թիվ 10 դպրոցը: 1984-1986թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1987-1992թթ. սովորել և ավարտել է Երեւանի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետի տնտեսական աշխարհագրության բաժինը: 1992թ. ընդունվել և առ այսօր աշխատում է Շիրակի երկրագիտական թանգարանում, որպես գիտաշխատող:

1995թ. ընդունվել և առ այսօր աշխատում է Գյումրու Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում, որպես դասախոս: 1997թ-ից. Աշխատում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնում:

2008թ. ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտում պաշտպանել է ատենախոսություն. «Լենինականի բնակչության թվի շարժընթացը XXդ. երկրորդ կեսին» թեմայով: Պատմական գիտությունների թեկնածու է, ազգագրագետ:

Ունի հրատարակված 30-ից ավելի գիտական հոդվածներ, որոնք հիմնականում վերաբերում են Շիրակի մարզի, մասնավորապես Գյումրի քաղաքի բնակչության ժողովրդագրության և տնտեսության զարգացման հիմնախնդիրներին:

Ամուսնացած է, ունի ուստր և դուստր:

Տիրապետում է հայերենին և ռուսերենին:

[email protected]

ՎԱՀԱՆ ԹՈՒՄԱՍՅԱՆ

Ծնվել է 1964թ. նոյեմբերի 25-ին, Լենինականում: 1980թ. ավարտել է թիվ 5 միջնակարգ դպրոցը և նույն տարում ընդունվել է գյուղատնտեսական տեխնիկում: 1984 թվին ընդունվել է ՌԽՖՍՀ Կեմերովոյի մշակույթի ինստիտուտը:

1985-87թթ. ծառայել է ԽՍՀՄ ՆԳՆ-ի Նովոսիբիրսկի բարձրագույն զինվորական հրամանատարական ուսումնարանում:

1988-92թթ. աշխատել է Գյումրու կանաչապատման գրասենյակում` գյուղատնտես, ապա տեղամասի պետ: 1988-ից ներգրավվել է Արցախյան շարժման մեջ և իր մի խումբ համախոհների հետ հիմնել է «Զարթոնք» բնապահպանական կազմակերպությունը: 1991-1997թթ. զբաղվել է լրագրությամբ, աշխատակցել է «Ազատամարտ», «Այժմ» թերթերին և լրատվական մի շարք գործակալությունների:

2006-ից հիմնել է «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպությունը:

Ամուսնացած է ունի երկու երեխա:

Տիրապետում է հայերենին և ռուսերենին:

[email protected]

ՂԱՐԻԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Ծնվել է 1984 թվին Լենինականում, ծառայողի ընտանիքում: 1991 թվին ընդունվել և 2001թ. գերազանցությամբ ավարտել է Գյումրու թիվ 20 դպրոցը:

2006-ին գերազանցությամբ ավարտել է ԵՊՏԻ Գյումրու մասնաճյուղի ֆինանսահաշվային ֆակուլտետը: 2003-2006-ին հանդիսացել է նույն բուհի ուսանողական խորհրդի նախագահ: 2004թ. ապրիլից անդամակցել է «Գյումրու Ուսանողական Խորհուրդ» ՀԿ-ին, 2005-2008թ.` փոխնախագահ եւ բազմաթիվ երիտասարդական ծրագրերի ղեկավար: 2004-ին արժանացել է Գյումրու «Քաղաքի լավագույն ուսանող» կոչմանը: 2006-2009թթ. ուսանել է ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրայում: 2009 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը և ստացել տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան:

2008-2012թթ. աշխատել է ՀԱԵ Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնում որպես երիտասարդական և մասնագիտական ուսուցման բաժնի պատասխանատու, 2012թ. հունվար-մարտ ամիսներին` կենտրոնի կառավարչի ժամանակավոր պաշտոնակատար: 2006-ից առ այսօր աշխատում է Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի Գյումրու մասնաճյուղում որպես դասախոս: 2012թ. մարտից առ այսօր աշխատում է Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի Հայաստանյան Կլոր Սեղան հիմնադրամում` որպես ծրագրերի մշտադիտարկման և գնահատման պատասխանատու:

2001թվից մասնակցել է բազմաթիվ տեղական և միջազգային սեմինարների, թրեյնինգների, ուսուցողական այցերի, դասընթացների, գիտաժողովների, համաժողովների ինչպես ՀՀ-ում այնպես էլ ավելի քան մեկ տասնյակ երկրներում:

Հանդիսանում է Հայաստանի Եվրոպական Շարժման, «Ոստայն» համահայկական երիտասարդական ցանցի, Հայերի Համաշխարհային Կոնգրեսի, «Ալյանս» քաղաքացիական նախաձեռնության անդամ, Գյումրու «Ալֆա» երիտասարդական շարժման հիմնադիր անդամ, Երիտասարդական Ակումբների Դաշնության Շիրակի մարզային համակարգող, Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Կազմակերպության փոխատենապետ: Ութ գիտական հոդվածների եւ երկու փորձագիտական հետազոտությունների հեղինակ է:

Ամուսնացած է, ունի մեկ դուստր:

Տիրապետում է հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներին:

[email protected]

ՍԵՅՐԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Ծնվել է 1956 թվին Ոսկեհասկ գյուղում: Դպրոցից հետո սովորել է Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում և Երեւանի Վ.Բրյուսովի անվ. ռուսաց եւ օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտի անգլերենի ֆակուլտետում:

Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղի ղեկավարն է, ՀԱԵ Շիրակի թեմի Սոցիալ-կրթական կենտրոնի կառավարիչն է: «Խորան Արդ» ինտելեկտուալ կենտրոն» ՀԿ նախագահ:

Ներկայումս Եվրամիության Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի Ազգային համակարգողն է: Իրականացրել է քաղաքացիական հասարակության հզորացման, մարդու իրավունքների պաշտպանության, համայնքի զարգացման, փախստականների շահերի պաշտպանության եւ ինտեգրման բազմաթիվ ծրագրեր:

Գիտակների «Սենատոր» թիմի ավագն է:

Ամուսնացած է, ունի երեք դուստր, հինգ թոռ:

Տիրապետում է հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուների:

[email protected]

ԿԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ

Ծնվել է 1979 թ. Լենինականում: 1995 թ. ավարտել է Գյումրիի թիվ 37 դպրոցը, 1995-1999 թթ. սովորել «Իմաստասեր Շիրակացի» համալսարանի օտար լեզուների ֆակուլտետում` ստանալով անգլերենի թարգմանիչ և ուսուցիչ մասնագիտությունը: 2004-2006-թթ հեռակայել է «Լոնդոնի լրագրության դպրոց»-ում:

Աշխատանքային կարիերան սկսել է «Շանթ» ՀԸ` 1996-2000 թթ. աշխատելով որպես լրագրող, հաղորդավար և թարգմանիչ:

2001- 2010 թթ. աշխատել է Հայկական Կարիտաս բարեսիրական հասարակական կազմակերպությունում նախ որպես ադմինիստրատիվ օգնական, ապա` 2003-ից` որպես հանրային կապերի պատասխանատու:

Մասնակցվել է հանրային հաղորդակցության, բիզնես կառավարման և առաջխաղացման մի շարք դասընթացների, ֆորումների և գործնական հանդիպումների Հայաստանում և արտերկրում:

2010 թ. համագործակցել է «Terre Des Hommes» բարեգործական միջազգային կազմակերպության հարավ-արևելյան ասիական գրասենյակի հետ: Միաժամանակ գրանցվել է որպես անհատ ձեռնարկատեր և 2011թ. հիմնել «Ինտրոմոդ» նորաձեւության սրահը Գյումրիում:

2011 թվից առ այսօր համագործակցում է բրիտանական ՀԵՐԱ կազմակերպության հետ` Գյումրիում և Վայքում իրականացնելով կին ձեռներեցների օժանդակության ծրագիրը, որի արդյունքում ընդհանուր առմամբ 25 նոր աշխատատեղ է ստեղծվել: Նախաձեռնել է «Աշխատանք Գյումրիում» ֆեյսբուքյան խումբը, որը նպատակ ունի օգնել գործատուներին և աշխատանք փնտրողներին: 2011-ից Գյումրիի գործատուների խորհրդի անդամ է, և 2012-ից` զբաղվածության ֆորումի աշխատանքային խմբի անդամ:

2012 թ. պարգեւատրվել է ՀՀ Վարչապետի կողմից` որպես կին նախաձեռնող:

Տիրապետում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին:

Ամուսնալուծված է, ունի երկու երեխա:

[email protected]

ԹԱՄԱՐԱ ՅԱՅԼՈՅԱՆ

Ծնունդով գյումրեցի փաստաբան Թամարա Յայլոյանն ավարտել է Գյումրու թիվ 9 միջնակարգ դպրոցը: 1991-1996-ին սովորել և ավարտել «Հրաչյա Աճառյան» համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: 1997-ին դարձել է փաստաբանների միության (ապա` պալատի) անդամ: 15 տարի է զբաղվում է փաստաբանական գործունեությամբ, մոտ 10 տարի զուգահեռ զբաղվում է նաեւ մանկավարժական գործունեությամբ: Դասախոսել է «Անանիա Շիրակացի» համալսարանում, շարունակում է դասախոսել նաեւ «Պրոգրես» համալսարանում: Քաղաքում աղմուկ բարձրացրած գրեթե բոլոր դատական գործերում կողմերից մեկի պաշտպանն է եղել:

Տիրապետում է հայերեն և ռուսերեն լեզուներին:

[email protected]

ԳԵՎՈՐԳ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ծնվել է 1973թ. սեպտեմբերի 18-ին, Գյումրի քաղաքում: 1990թ. ավարտել է Գյումրու թիվ 31 դպրոցը: 1991-96թթ. սովորել և գերազանցությամբ ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան: 1996-98թթ. ծառայել է ՀՀ Ազգային բանակում` Խաչիկ գյուղի դիրքերում: 1998-2003թթ. աշխատել է Գյումրու անասնաբուժական կայանում սկզբում որպես անասնաբուժա-սանիտարական փորձագետ, իսկ այնուհետ` որպես համաճարակաբան: Միաժամանակ 1999-2002թթ. սովորել և ավարտել է Անասնաբուժության և անասնաբուծության գիտական կենտրոնի ասպիրանտուրան: 2003թ. ստացել է անասնաբուժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 2003-2004թթ. մասնագիտական վերապատրաստում է անցել Մոսկվայում:

2004թ. մի խումբ ընկերների հետ հիմնադրել է «Բիոսոֆիա» հասարակական կազմակերպությունը եւ մինչ օրս ղեկավարում է այն: 2007 թվից Գյումրու բնապահպանական տեղեկատվության հասարակական (Օրհուս) կենտրոնի մարզային համակարգողն է:

1990թվից Գյումրու ինտելեկտուալ ակումբի անդամ է, 2003թ. առ այսօր Գյումրու «ԽորանԱրդ» ինտելեկտուալ կենտրոնի անդամ է: 2005-2008թթ. եղել է «Շանթ» հեռուստաընկերության «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր» ինտելեկտուալ հեռուստաշոուի գլխավոր խմբագիրը: 2005-2012թթ. ընթացքում բնապահպանական բազմաթիվ ծրագերում հանդես է եկել որպես ծրագրի ղեկավար կամ փորձագետ: Գյումրիում, Շիրակի մարզում բնապահպանական բոլոր նախաձեռնությունների հիմնական նախաձեռնողն է:

Ամուսնացած է, ունի դուստր եւ որդի:

Տիրապետում է հայերեն, ռուսերեն լեզուներին:

[email protected]

ԿԱՐԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ծնվել է 1982-ին Լենինականում, ծառայողի ընտանիքում: 1998-ին գերազանցությամբ ավարտել է թիվ 29 դպրոցը: 1998-ին ընդունվել է ԵրԺՏԻ-ի Գյումրու մասնաճյուղի ֆինանսահաշվային ֆակուլտետի «Ֆինանսներ եւ վարկ» բաժինը: 1999-ին հանդիսացել եմ ԵՊՏԻ-ի Գյումրու մասնաճյուղի ուսանողական խորհրդի հիմնադիր անդամ և մինչև 2003թ. ղեկավարել է այն: 2000-ին հանդիսացել է Գյումրու ուսանողական խորհրդի հիմնադիր անդամ և ընտրվել նախագահ: 2002-ին դարձել է «Գյումրու ուսանողական խորհուրդ» ՀԿ հիմնադիր անդամ, ընտրվել է նախագաh:

2003 թվին գերազանցությամբ ավարտել է Երեւանի պետական տնտեսագիտական Համալսարանը: 2003 թվից ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի դասախոս է: 2002- 2011թթ. մասնակցել եմ բազմաթիվ սեմինարների եւ համաժողովների: 2006 թվականին ստացել է տնտեսագիտության թեկնածուի որակավորում: 2007-ից Թրփմանջյան հիմնադրամի «Գյուղերի զարգացում» ծրագրի մարկետինգի և կառավարման դասավանդող: 2008-ից Հայ Եկեղեցու համաշխարհային երիտասարդական կազմակերպության կենտրոնական խորհրդի ատենապետ է:

9 գիտական հոդվածների հեղինակ:

Տիրապետում է հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներին, ամուրի է:

[email protected]

ԿԱՐԵՆ ՏԵՐՏԵՐՅԱՆ

Ծնվել է 1980-ին, Լենինականում: 2003թ. ավարտել է Գյումրու պետական մանկավարժական ինստիտուտի «Պատմաբանասիրական» ֆակուլտետի «Պատմության» բաժինը: 2002 թվին` նույն ինստիտուտի «Քաղաքացիական կրթության կենտրոնի» մեկամյա դասընթացը: Հետագայում մասնակցել է բազմաթիվ տեղական և միջազգային սեմինարների, ուսուցողական դասընթացների:

2000-2002թթ. աշխատել է «Հյուսիսային էլեկտրոցանցեր» ՓԲԸ «Կումայրի» մասնաճյուղում: 2003-2010թթ. զբաղվել է մանկավարժությամբ: Աշխատել է Գյումրու «Որբ եւ ծնողական խնամքից զրկված երեխաների» թիվ 4 հատուկ, թիվ 41 միջնակարգ դպրոցներում, ապա «Անանիա Շիրակացի» վարժարանում: 2006-2007թթ. եղել է նաև թիվ 41 դպրոցի Կառավարման խորհրդի անդամ: Զուգահեռ աշխատել է մի շարք մասնավոր ընկերություններում, որպես հաշվետար և ռեվիզոր: 2008-2009թթ. աշխատել է «Հանրային հեռուստաընկերության» հաղորդումների թողարկման բաժնում: 2011 թվի մարտից վարում է «Հայաստանի ազգային սկաուտական շարժում-ՀԱՍԿ» հասարակական կազմակերպության Ծրագրերի պատասխանատուի պաշտոնը:

Շուրջ 20 տարի հանդիսանում է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ շարժման ակտիվ մասնակից-անդամ: Մասնակցել է բազմաթիվ տեղական և հանրապետական առաջնությունների ու մրցույթ-փառատոների:

2005թ. անդամակցում է ՀԱՍԿ ՀԿ, 2006-ին նշանակվել է կազմակերպության Շիրակի մարզային կառույցի պատասխանատու-ղեկավար: 2008-2011թթ. եղել է կազմակերպության Խմբապետական խորհրդի (գործադիր մարմնի) անդամ և Ծրագրերի պատասխանատու: 2010-2011-ին վարել է կազմակերպության Հայաստանի Ընդհանուր փոխխմբապետի պաշտոնը: Այս ընթացքում մասնակցել և ինքն է կազմակերպել բազմաթիվ տեղական, համահայկական եւ միջազգային սկաուտական և երիտասարդական դասընթացներ, միջոցառումներ, հավաքներ, խորհրդաժողովներ և այլն:

2012-ի հունվարից անդամակցում է «Գևորգյան մարտարվեստի դպրոց» հասարակական կազմակերպությանը: Հանդիսանում է խորհրդի անդամ:

Մասնակցում է սոցցանցերին, բլոգոսֆերային, տեղեկատվական տեխնոլոգիաներին վերաբերող մի շարք տեղական և միջազգային հավաքների ու կոնֆերանսների, հանդիսանում է դրանցից մի քանիսի կազմակերպիչ մարմինների անդամ:

Ներկայումս զբաղվում է երիտասարդական ոլորտի հետազոտություններով և փորձագիտական գործունեությամբ:

Տիրապետում է հայերեն, ռուսերեն լեզուներին, բավարար` անգլերենին:

[email protected]»,- նշված է քաղաքացիական նախաձեռնության հայտարարության մեջ:

Մեկնաբանել