Փաշինյանն ու Ռայիսին քննարկել են Հյուսիս-Հարավի կառուցմանը, էներգետիկային վերաբերող հարցեր

Տեղի է ունեցել հեռախոսազրույց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի միջև, հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Ըստ հաղորդագրության՝ վարչապետը Իրանի նախագահի հետ տեղեկություններ է կիսել մայիսի 22-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման վերաբերյալ:

Փաշինյանն ու Ռայիսին մտքեր են փոխանակել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի աշխատանքների մեկնարկի, ԼՂ հարցի կարգավորման ընթացքի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարների մասին:

«Քննարկվել են նաև երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրության առարկա են դարձել Հայաստան-Իրան երրորդ էլեկտրագծի, Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի կառուցմանը, էներգետիկ ոլորտին վերաբերող հարցերը: Զրուցակիցները վերահաստատել են պաշտոնական այց կատարելու միմյանց ուղղված հրավերները և պայմանավորվել, որ փոխադարձ այցեր կունենան երկու երկրների մայրաքաղաքներ»,- նշված է հաղորդագրությունում։