Եվրոպական ներդրումային բանկը դադարեցրել է Հյուսիս-Հարավ ծրագրի ֆինանսավորումը

Կառավարությունը 3 միլիարդ դրամ կուղղի Հյուսիս-Հարավ ճանապարհի կառուցման 3-րդ տրանշի կապալառուի պարտքերն ու պարտավորությունները մարելու համար։ Ճանապարհի այս հատվածի ֆինանսավորումը պիտի իրականացվեր Եվրոպական ներդրումային բանկի միջոցներով, որտեղից, սակայն, փոխանցումներ չեն եղել։ Հարցը ներառված է կառավարության հունիսի 2-ի նիստի օրակարգում։

Հյուսիս-հարավ ծրագրի 3-րդ տրանշի կապալառուն չինական «Սինոհիդրո» ընկերությունն է։ Այս տրանշը ընդգրկում է Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածները՝ մոտ 42 կիլոմետր։ Ըստ կառավարության որոշման հիմնավորման՝ անցած տարի աշխատանքներն ընթացել են մեծ տեմպերով և արդյունքում աջակողմյան հատվածը բացվել է երթևեկության համար, իրականացվել է հողային աշխատանքների ընդհանուր ծավալի շուրջ 70%-ը, բետոնե կառուցվածքների ընդհանուր ծավալի շուրջ 45%-ը, ասֆալտապատման աշխատանքների 40%-ը։ Համաձայն պայմանագրի դրույթների՝ կապալառուն ներկայացրել է միջանկյալ կատարողական ակտեր, որոնց դիմաց պետք է իրականացվեն համապատասխան վճարումներ, սակայն 2021թ․ սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար կապալառուի կողմից ներկայացված և հաստատված կատարողականների դիմաց վճարումներ չեն իրականացվել ֆինանսավորման բացակայության պատճառով։

Այդ տրանշի ֆինանսավորումն իրականացվելու էր Եվրոպական ներդրումային բանկի տրամադրած վարկային և դրամաշնորհների միջոցներով։ «Համաձայնագրերի շրջանակներում ներկայացվել են վարկային և դրամաշնորհային հաշիվների համալրման ֆինանսավորման հայտեր, որոնք սահմանված կարգով ուղարկվել են Եվրոպական ներդրումային բանկ, դեռևս 2021թ. օգոստոսի 16-ին, սակայն մինչ օրս ԵՆԲ-ի կողմից հաշիվների համալրում) չի իրականացվել»,-նշված է որոշման հիմնավորումներում։

Կառավարության կողմից տրամադրվելիք 3 միլիարդ դրամն ուղղվելու է պարտքի մարմանն ու հետագա կատարողականների դիմաց վճարումների կատարմանը։ Եվրոպական ներդրումային բանկի հետ համապատասխան վարկային համաձայնագիր կնքվել էր 2013-ին, վարկի ծավալը կազմել էր 60 միլիոն եվրո։

Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքը Հայաստանի հյուսիսը հարավին կապող ծրագիր է՝ 556 կիլոմետր երկարությամբ։ Ծրագիրը պիտի ավարտվեր 2019-ին, բայց ճանապարհի մեծ մասը դեռ կառուցված չէ։ 2018-ի հեղափոխությունից հետո այս ծրագրում միլիարդավոր դրամների հափշտակության դեպքեր բացահայտվեցին, հարուցվեց քրեական գործ, որը ներկայում քննվում է։

Մեկնաբանել