Զինված ուժերի սպաները անհատույց բնակարաններ կստանան

Հայաստանում ռազմաուսումնական հաստատություն ավարտած անձինք պետության կողմից անհատույց բնակարաններ կստանան։ Կառավարությունը հունիսի 2-ին ընդունեց որոշումը, որը ներկայացրել էր պաշտպանության նախարարությունը։

Ռազմաուսումնական հաստատություն ավարտած սպան կունենա բնակարան, որը կլինի անհատույց։ Սպան կարող է բնակվել այնտեղ, հանձնել վարձակալության, սակայն իրավունք չի ունենա օտարել այն։ Բնակարանը սպային սկզբում սեփականության իրավունքով չի տրամադրվի, այլ կլինի անհատույց, սակայն պաշտպանության նախարարության հետ համապատասխան 20 տարվա պայմանագիրը լրանալուն պես այն արդեն կդառնա սպայի սեփականությունը։ Որոշումը կտարածվի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություններ դիմած անձանց վրա։

Պետությունը յուրաքանչյուր տարի գնելու է 3-սենյականոց բնակարաններ, որոնց առավելագույն գինը լինելու է 28,5 միլիոն դրամ։ «Մեզ համար խնդիր է, երբ սպան ծառայում է գնդապետի աստիճանով, կյանքի մեծ մասը անցկացնում է սարերում ու պարզ է՝ այդ մարդը բնակարանային կարիքները ինչպե՞ս հոգա։ Եթե պետական մեխանիզմներ չկան պատշաճ, սա պրոբլեմ է, ու մենք ուզում ենք արմատապես լուծել այդ խնդիրը»,- կառավարության նիստում ասաց Փաշինյանը։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խոսքով՝ դիմորդները, որոնք ուսումնառությունը կավարտեն ու կնշանակվեն որևէ զորամասում, միանգամից կունենան բնակարան։ Այն անձինք, ովքեր արդեն իսկ ուսումնառության կամ ծառայության մեջ են, ըստ Պապիկանի, ևս կունենան արտոնյալ հնարավորություններ։

«Մեր հիփոթեքային վարկավորման արտոնյալ պայմաններից նրանք կարող են օգտվել, առանց մրցութային համակարգին մասնակցելու կարող են դառնալ շահառու, պայմանները բավական լավ են»,- ասաց Պապիկյանը՝ նշելով, որ այժմ կառավարությունը հիփոթեքային ծրագրերով 500 սպայի համար համաֆինանսավորում է իրականացնում։

Մեկնաբանել