Ընդդիմադիրները հունիսի 3-ին գնալու են ԱԺ՝ արտահերթ նիստի

Իշխան Սաղաթելյան

«Դիմադրություն» շարժման համակարգող, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ հայտնելով, որ վաղը՝ հունիսի 3-ին, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները մասնակցելու են արտահերթ նիստի։ Նա կոչ է արել բոլորին վաղը կրկին հավաքվել Ֆրանսիայի հրապարակում։

«Վաղը՝ ժամը 16։00-ին, խորհրդարանում նշանակված է արտահերթ նիստ, մենք գնալու ենք խորհրդարան։ Մինչև այդ ժամը բոլորի համար կա հնարավորություն արտահայտելու իրենց դիրքորոշումը։ Նրանց մեծամասնության համար այդ շանսը դեռ կա։ Նրանք դեռ կարող են ազատվել երկիրը թշնամուն հանձնելու, պետականությունը կործանելու խայտառակ այս գործընթացի բարոյական պատասխանատվությունից։ Նրանք դեռ կարող են տարանջատվել Նիկոլից:Սիրելի հայրենակիցներ, սա նյարդերի պայքար է։ Հիմա մենք պարզապես պարտավոր ենք ամուր լինել և շարունակել այս իշխանությունների կազմաքանդման գործընթացը։ Վաղն այդ առումով շատ կարևոր օր է։ Հունիսի 3-ին ՝ ժամը 16։00-ին կրկին պետք է հավաքվել Ֆրանսիայի հրապարակում, նախ աջակցել ըննդիմադիր ֆրակցիաների մեր պատգամավորներին և ապա՝ կախված խորհրդարանում տեղի ունեցող գործընթացներից, որոշել մեր հաջորդ անելիքները։ Վաղը մենք բոլորս ունենալու ենք Արցախի և հայ-թուրքական հարաբերությունների հարցում սեփական ընտրությունը կատարած բոլոր գործիչների անուն-ազգանունները»,- գրել է Սաղաթելյանը։

Նախորդ շաբաթ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտարարել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը «չի տրվելու ընդդիմության քաղաքական շանտաժին և չի մասնակցելու Արցախի հարցը ներքաղաքական նպատակներով օգտագործելուն ուղղված ԱԺ արտահերթ նիստին»։

Մեկնաբանել