Տների, մեքենաների առքուվաճառքը, հիվանդանոցներում վճարումները հուլիսի 1-ից կդառնան անկանխիկ

Հուլիսի 1-ից այլևս բնակարանների ու ավտոմեքենաների առքուվաճառք կանխիկ դրամով հնարավոր չի լինելու իրականացնել, բոլոր գործարքները պետք է լինեն անկանխիկ: Այս մասին կառավարության հունիսի 2-ի նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքն ընդունվել էր 2022-ի հունվարի 18-ին, որն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից. «Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո անհատ ձեռնարկատերերի, նոտարների, փաստաբանների և կազմակերպությունների կողմից կնքվող այն գործարքների համար, որոնց մի կողմը ֆիզիկական անձ է, և այն գործարքների դիմաց, որոնք կնքվում են ֆիզիկական անձանց միջև և գերազանցում են օրենքով սահմանված շեմը (300 հազար դրամ), վճարումն իրականացվելու է անկանխիկ ձևով»,- ասված է հիմնավորման մեջ։

Փաշինյանի խոսքով՝ կանխիկի շրջանառության կրճատումը բարեփոխումների կարևորագույն ուղղություններից է․ «Դրույթ է լինելու, որ եթե հանկարծ որևէ պարագայում կանխիկ վճարումներով տեղի կունենա գործարք, և չի արձանագրվի անկանխիկ փոխանցումը, դա կարող է այդ գործարքը հետագայում առոչինչ ճանաչելու հիմք դառնալ: Որևէ մեկը չմտածի, թե մենք ուզում ենք մարդկանց կյանքը բարդացնել, հակառակը՝ մենք ուզում ենք մարդկանց կյանքը պարզեցնել: Այստեղ կան նաև հարկաբյուջետային և հակակոռուպցիոն էֆեկտներ»,- ասաց նա:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ հայտնեց, որ հուլիսի 1-ից ամբողջությամբ անկանխիկ վճարային համակարգի է անցում կատարվելու նաև բժշկական կենտրոններում՝ Երևանում։

Վարչապետը նկատեց, որ ստվերի կրճատման շնորհիվ 2018-ից հետո առողջապահական կենտրոնների շրջանառության ծավալները էականորեն մեծացել են․ «Հիմա մենք երկրորդ քայլն ենք անում։ Իհարկե պարզ է, որ սկզբնական շրջանում որոշակի անհարմարություն կզգան մարդիկ, բայց սա մեր քաղաքական կամքն է, վճռականությունն է»։

Մեկնաբանել