Կամավոր ատեստավորված 475 ուսուցիչ կստանա մայիսի բարձրացված աշխատավարձերը

Կամավոր ատեստավորված 475 ուսուցիչներ առաջիկայում կստանան մայիսի բարձրացված աշխատավարձերը՝ դրույքաչափին համապատասխան։ Կառավարության հունիսի 2-ի նիստում այդ մասին հայտարարեց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

Աշխատավարձերի բարձրացումը կլինի 30-50 տոկոսի սահմաններում։ Կամավոր ատեստավորմանը մասնակցել են 996-ը, որոնցից 478 ուսուցիչ հաղթահարել է 70 միավորի շեմը։

Ատեստավորումն իրականացվել է​​ 7-12-րդ դասարաններում հայոց լեզու, գրականություն, հայ գրականություն, հայոց պատմություն, հանրահաշիվ, երկրաչափություն, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն և աշխարհագրություն առարկաները դասավանդող ուսուցիչների համար։

Անդրեասյանի խոսքով՝ կան ուսուցիչներ, որոնց վարձատրությունն արդեն կազմում է 450 000 դրամ. «Առավելագույն աճ ենք ունեցել, ուսուցչի դրույքաչափը եղել է 116 200 դրամ, կամավոր ատեստավորման արյդյունքում ունեցել ենք 50 տոկոս աճ՝ 174 000 դրամ, և այսօր ուսուցիչը կունենա աճ 275 000 դրամի չափով, 450 000 կլինի ամբողջությամբ»,- ասաց Անդրեասյանը՝ հիշեցնելով, որ այս գումարի մեջ ներառվում են հարկերը։

Մեկնաբանել