ՊՆ-ն կրկին մոլորեցնում է. ադրբեջանցիները Ներքին Հանդի մոտ ամրաշինական աշխատանքներ են արել

Ներքին Հանդ- սյունիք

Հովհաննես Նազարեթյան #CivilNetCheck

Պաշտպանության նախարարությունը հունիսի 1-ին պարզաբանող հաղորդագրություն է տարածել՝ հերքելով լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, թե ադրբեջանական ստորաբաժանումները կրկին առաջ են եկել Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի դիմաց գտնվող լեռնային տեղանքում։

Նախարարությունը հղում է արել մարտի 21-ի պարզաբանմանը, ըստ որի՝ սահմանի նշված հատվածում ադրբեջանական ստորաբաժանումների տեղակայումն արձանագրվել է 2020թ. նոյեմբերի 9-ից հետո՝ հետպատերազմյան շրջանում։


«Ընդ որում, տեղակայման փաստն արձանագրելուց անմիջապես հետո ՀՀ ԶՈՒ կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ քայլեր՝ ադրբեջանական դիրքերը վերահսկողության տակ վերցնելու ուղղությամբ, ինչի արդյունքում նշված տարածքում ադրբեջանական զինծառայողների շարժը լիարժեք վերահսկելի է, իսկ առաջխաղացման որևէ փորձ կհանգեցնի պատասխան գործողությունների»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանցիները նոր ճանապարհներ են կառուցել

ՊՆ-ն, ըստ էության, արձագանքել է մայիսի 31-ին «Սպուտնիկ Արմենիա»-ի հրապարակած հոդվածին, ըստ որի՝ Ադրբեջանի զինուժը Ներքին Հանդ գյուղի մոտ գտնվող բարձունքներում առաջ է եկել ևս 2 հատվածում։

Նյութին կցված քարտեզում ներկայացված են նախկինում հաստատված առաջխաղացումից (սլաք 1) բացի երկու նոր առաջխաղացումները (սլաք 2 և 3), որոնք երևում են արբանյակային թարմ լուսանկարներում։

«Սպուտնիկ Արմենիա»-ի քարտեզը

Այնինչ, պաշտպանության նախարարությունը հերքում է նոր առաջխաղացումների փաստը և հղում անում մարտի պարզաբանմանը, ըստ որի՝ միայն մեկ ուղղությամբ է եղել ադրբեջանական առաջխաղացում։ Ըստ ՊՆ պարզաբանման մեջ ներառված քարտեզի՝ ադրբեջանցիների տեղակայման վայրը գտնվում է Հայաստանի տարածքում՝ 600 մետր խորության վրա։

ՊՆ պարզաբանման մեջ տեղ գտած քարտեզը և ադրբեջանական դիրքի տեղակայման վայրը

Այն ժամանակ ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ CivilNetCheck-ը, անդրադարձել էր այս հատվածում ադրբեջանական առաջխաղացմանը և եզրահանգել, որ ՊՆ-ը, տեղյակ լինելով ադրբեջանական ուժերի՝ Ներքի Հանդի մոտակայքում հաստատվելու և փաստացի ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելու մասին, չի իրազեկել դրա մասին։

Արբանյակային լուսանկարները հաստատում են ադրբեջանական առաջխաղացումը

Եվրամիության Sentinel-2 արբանյակների արած լուսանկարներում ադրբեջանական առաջխաղացումը ակնհայտ է։

Սյունիքի Ներքին Հանդ գյուղի շրջակայքում այս գարնանը երեք ուղղություններով ճանապարհներ են կառուցվել, որոնք սկիզբ են առնում Ադրբեջանի տարածքից և տանում են դեպի ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի տարածքում՝ հարյուրավոր մետրերի խորությամբ կառուցված դիրքեր։

Հայաստանի տարածքում ադրբեջանական դիրքեր տանող ճանապարհները, ըստ արբանյակային լուսանկարների, կառուցվել են այս տարվա փետրվարից հետո՝ հատկապես ապրիլ և մայիս ամիսներին։

Ճանապարհների կառուցումը Ադրբեջանի կողմից 2022-ի փետրվար-մայիս ամիսներին, աղբյուրը՝ sentinel-hub.com

Սահմանից այն կողմ գտնվող տարածքը, որը մտնում է Ադրբեջանի Զանգելանի շրջանի մեջ, փաստացի Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 2020-ի դեկտեմբերին՝ 44-օրյա պատերազմի հետևանքով ձեռք բերված պայմանավորվածության հետևանքով։

Համադրելով արբանյակային լուսանկարներում երևացող երեք ճանապարհները՝ կարելի է մոտավոր տեղորոշել նաև Հայաստանի տարածքում՝ Ներքին Հանդի մոտակայքում ադրբեջանական զինուժի երեք դիրքերը, որոնցից ամենամոտը գտնվում է գյուղի բնակելի հատվածից շուրջ 1,3 կմ հեռավորության վրա։

Հատկանշական է, որ ադրբեջանական դիրքերը տեղակայվել են գյուղը վերահսկող բարձրադիր հատվածներում։

Մեկնաբանել