Այսօր Մոսկվայում տեղի կունենա ապաշրջափակման եռակողմ խմբի հանդիպումը

Այսօր՝ հունիսի 3-ին, Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի համանախագահությամբ տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի հերթական նիստը։ Տեղեկությունը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

Ապաշրջափակման եռակողմ խմբի նախորդ հանդիպումը կայացել էր 2021-ի դեկտեմբերին։

Մայիսի 27-ին Մհեր Գրիգորյանը ՏԱՍՍ-ի հետ զրույցում ասել էր, որ «հանդիպման օրակարգը ներառում է 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում ամրագրված պայմանավորվածությունների իրականացմանը և 2021-ի հունվարի 11-ի հայտարարությանը վերաբերող հարցեր»։

Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը նաև սահմանազատման հարցով հանձնաժողովների ղեկավարներն են, սակայն այսօրվա հանդիպումը, Գրիգորյանի խոսքով՝ «սահմանազատման հետ կապ չունի»։