Արցախի անկախության ճանաչումից հետո հնարավոր կլինի քննարկել Հայաստանի կազմ մտնելու հարցը․ Բեգլարյան

արտակ բեգլարյան

Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում խոսել է ԼՂՀ անկախության ճանաչման, Հայաստանին միանալու, բանակցությունների, խաղաղապահների թվի ավելացման մասին։ ՍիվիլՆեթը հարցազրույցը ներկայացնում է թարգմանաբար՝ ենթավերնագրերով․

Ադրբեջանի հետ հակասությունների մասին

Արտակ Բեգլարյանը նշել է, որ տեսանելի ապագայում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը անհնար է՝ Արցախի և Ադրբեջանի իշխանությունների դիրքորոշումներում լուրջ հակասությունների պատճառով։

«Արցախի և Ադրբեջանի դիրքորոշումներում առկա են լուրջ հակասություններ, դրանք տրամագծորեն հակառակ են»,- ասել է նա։

Բեգլարյանի խոսքով՝ գլխավոր տարբերությունն այն է, որ Ադրբեջանի համար դա «հեղինակության, ամբիցիաների» հարց է, իսկ Ղարաբաղի բնակիչների համար՝ «կյանքի և մահվան, իր գոյության և պատմական արդարության հարց»:

Արցախը Հայաստանի հետ բանակցություններ է վարում ճանաչման շուրջ

«Հայաստանի հետ բանակցություններ են ընթանում, Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցով շփումներ են իրականացվում, սակայն ներկայումս այդ հարցի շուրջ առաջընթաց չկա»,- ասել է Բեգլարյանը:

Նրա կարծիքով՝ կարելի է պնդել, որ Հայաստանը փաստացի ճանաչել է Լեռնային Ղարաբաղը, քանի որ հանրապետությունների միջև պահպանվում են հորիզոնական կապերը՝ «ինչպես հավասարը հավասարի հետ»:

Արցախի իշխանությունները շարունակելու են ջանքերը Հանրապետության ճանաչման ուղղությամբ

«Մենք շարունակելու ենք ջանքերը Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանը հասնելու համար։ Արցախի անկախության միջազգային ճանաչումից հետո հնարավոր կլինի քննարկել նաև Հայաստանի կազմի մեջ մտնելու հարցը»,- նշել է Արցախի պետնախարարը։

Նա ընդգծել է, որ այժմ Ադրբեջանը «իրեն ուժեղ է զգում», ինչպես նաև նրան ռազմաքաղաքական աջակցություն է ցուցաբերում Թուրքիան։ ԼՂՀ իշխանությունները, Բեգլարյանի խոսքով, պետք է ուղիներ փնտրեն, որպեսզի «աստիճանաբար, քայլ առ քայլ լուծեն իրենց խնդիրները, իսկ հետագայում՝ Ադրբեջանի հետ ուղիղ բանակցությունների ճանապարհով»: Դրա համար Ադրբեջանը պետք է «պատրաստ լինի խաղաղության», ասել է Բեգլարյանը։

Եվրամիությունը չպետք է մասնակցի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը

Արտակ Բեգլարյանը կարծում է, որ Եվրամիությունը չպետք է մասնակցի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։

«Հաշվի առնելով Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը և ռուսական խաղաղապահ առաքելության արդյունավետ դերը՝ մենք կարծում ենք, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը չպետք է բանակցությունների առարկա դառնա Եվրամիության համար»,- ասել է նա։

Պետական նախարարը նշել է, որ երկխոսությունն անհրաժեշտ է, բայց այն չպետք է դառնա «Ռուսաստանի հետ Արևմուտքի ներկայիս բարդ հարաբերությունների մասը»: Ըստ նրա՝ խնդրի լուծման համար արդեն գոյություն ունի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջազգայնորեն ճանաչված ձևաչափը, որն էլ պատասխանատվություն է կրում հակամարտության կարգավորման համար։

Ռուս խաղաղապահների ներկայության անհրաժեշտության և խաղաղապահների թիվն ավելացնելու մասին

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում պետք է մնան անժամկետ, քանի որ հակամարտությունը կարգավորված չէ և Ադրբեջանը պատրաստ չէ Արցախի հետ բանակցություններին, ասել է Բեգլարյանը։

«Իսկ երբ հակամարտությունը կարգավորվի, Լեռնային Ղարաբաղի և Ռուսաստանի միջև կարող է քննարկվել խաղաղապահների հետագա տեղակայման հարցը։ Նրանք կարող են անհրաժեշտությունից և իրավիճակից ելնելով՝ այստեղ մնալ որպես անվտանգության երաշխավոր։ Սակայն ներկայումս Ղարաբաղում ռուս խաղաղապահների գտնվելու խիստ անհրաժեշտություն կա»,- ընդգծել է նա։

Արտակ Բեգլարյանի կարծիքով՝ պետք է նաև ավելացնել ԼՂ-ում ռուս խաղաղապահների թվաքանակը և ընդլայնել նրանց լիազորությունները։

ԼՂՀ-ից Ուկրաինա գրոհայինների հնարավոր տեղափոխման մասին

Ղարաբաղում մարտական գործողություններին մասնակցած գրոհայինները, ըստ Բեգլարյանի՝ կարող էին տեղափոխվել Ուկրաինա։ Նրա տեղեկացմամբ՝ Ադրբեջանի կողմից կռվել են 5-7 հազար սիրիացի և լիբիացի գրոհայիններ, պատերազմից հետո նրանց մի մասը կարող էր մնալ Ադրբեջանի գրաված տարածքներում:

«Մեծ հավանականություն կա, որ այդ ահաբեկչական խմբավորումներն այսօր Ուկրաինայում կռվում են Ռուսաստանի դեմ»,- ասել է պետական նախարարը։

«Նրանք այստեղ են եկել փողով պատերազմելու, այդ թվում ՝ հակաքրիստոնեական գաղափարներով»,- նշել է Բեգլարյանը՝ ընդգծելով, որ այդ ահաբեկչական խմբավորումները Սիրիայում կռվել են ռուսական զորքերի դեմ, Իսկ Ղարաբաղում կռվելու համար նրանց հավաքագրելիս օգտագործվել են նաև հակառուսական կարգախոսներ։

Մեկնաբանել