Դատախազությունը Մայրապետյանից ու նրա ընկերության տնօրենից 5,7 մլրդ դրամ բռնագանձելու պահանջ է ներկայացրել

Հայաստանի գլխավոր դատախազությունը պահանջում է մոտ 5,7 միլիարդ դրամ բռնագանձել գործարար Սամվել Մայրապետյանից ու նրան պատկանող «Գլոբուս» կառուցապատող ընկերության տնօրեն Գագիկ Հակոբջանյանից՝ որպես պետությանը պատճառված վնաս։

Ինչպես հայտնում է դատախազությունը, Երևանի կենտրոնում՝ Տերյան 66 հասցեում, «Գլոբուս» ընկերությունը կառուցել է 28 650 քառակուսի մետր մակերեսով բնակելի շենք, իսկ Մայրապետյանը, նպատակ ունենալով չվճարել ձեռնարկատիրական գործունեությունից ստացվելիք եկամտից առաջացող առանձնապես խոշոր հարկերը, ընկերության տնօրեն Գագիկ Հակոբջանյանի օգնությամբ բնակարանների առքուվաճառքի պայմանագրերում կեղծ՝ շուկայականից անհամեմատ էժան գներ են նշվել, որպեսզի հարկեր չվճարվեն։

«Արդյունքում Գ. Հակոբջանյանի և ֆիզիկական անձանց միջև կնքվել են առուվաճառքի պայմանագրեր, որոնցում բնակարանների 1 քմ արժեքը նշվել է շուրջ 66 000 ՀՀ դրամ, ավտոկայանատեղիների արժեքը՝ շուրջ 75 000 ՀՀ դրամ, իսկ ոչ բնակելի տարածքների արժեքը՝ շուրջ 61 000 ՀՀ դրամ: Մինչդեռ տվյալ տարածքի բնակարանի 1 քմ շուկայական արժեքը նույն ժամանակահատվածում կազմել է 770 000 ՀՀ դրամ, ավտոկայանատեղիի արժեքը՝ 160 000 ՀՀ դրամ, իսկ ոչ բնակելի տարածքի արժեքը՝ 875 000 ՀՀ դրամ»,-նշված է դատախազության հաողորդագրության մեջ։

Գագիկ Հակոբջանյանը քրեական հետապնդմանը չի առարկել, իսկ դեկտեմբերի 7-ին դատախազություն գրություն է ուղարկել՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ։ Հակակոռուպցիոն կոմիտեն դադարեցրել է քրեական հետապնդումը, իսկ դատախազությունը հաշվի առնելով, որ առկա է պետական գույքային շահերի խախտման հանգամանք, Երևանի ընդհանուր իրավասության դատարան է ներկայացրել Մայրապետյանից ու Հակոբջանյանից մոտ 5,7 միլիարդ դրամ բռնագանձելու հայցադիմում։

Հայցն ընդունվել է վարույթ, Մայրապետյանի ու Հակոբջանյանի գույքերի վրա հայցագնի չափով արգելանք է դրվել։

Մեկնաբանել