Երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրանք է առաջադրվել 11 անձի

Քննչական կոմիտեում ավարտվել է՝ 2015-2018 թթ-ին օտարերկրացիների կողմից ՀՀ քաղաքացի մանկահասակ երեխաների որդեգրումների գործընթացում ներպետական մարմինների աշխատակիցների կողմից թույլ տրված պաշտոնեական անփութության, լիազորությունները չարաշահելու, երեխաների առք ու վաճառքի դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով 11 մեղադրյալի մասով նախաքննությունը:

«Պարզվել և հիմնավորվել է, որ Երևան քաղաքի բնակչուհին, ով երկար տարիներ աշխատել է իտալական մի շարք ընկերություններում և հանդիսացել նշված ընկերությունների հայաստանյան ներկայացուցիչը, օտարերկրյա քաղաքացիների խնամքին հանձնելու նպատակով երեխաների վաճառք իրականացնելու համար, ստեղծել է կազմակերպված հանցավոր խումբ, որի կազմում ընդգրկել է տարբեր բնագավառներում և պետական տարբեր կառույցներում աշխատող անձանց, ովքեր իրենց գործողություններով օժանդակել են երեխաների ապօրինի որդեգրման գործընթացին: Քննությամբ պարզվել է հանցավոր խմբի անդամների ինքնությունը, ողջ շղթան, նրանցից յուրաքանչյուրի դերակատարումը, երեխաների ապօրինի որդեգրման մեխանիզմը»,- ասված է հաղորդագրությունում։

Ըստ քննությամբ ձեռք բերված տվյալների՝ ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխաների համար վճարվել է 15 000 – 25 000 եվրոյի չափով գումար․ «Որդեգրման այդ պրոցեսի համար, արտաքուստ իբրև ծախսեր նախատեսված վճարները, իսկ իրականում իբրև յուրաքանչյուր երեխայի վաճառքի համար նախատեսված 15 000 – 25 000 եվրո գումարները, ստացել է բանկային փոխանցումների միջոցով կամ առձեռն՝ ինչպես կազմակերպություններից, այնպես էլ որդեգրողներից, որն ընդհանուր առմամբ, 15 տարիների ընթացքում, կազմել է ավելի քան 1 200 000 եվրո»։

Քրեական գործի մասին առավել մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ այստեղ։

Մեկնաբանել