Ալեն Սիմոնյանն ընդունել է Արցախի պատվիրակությանը

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 3-ին ընդունել է Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Անահիտ Հակոբյանի գլխավորած պատվիրակությանը, հայտնում է խորհրդարանի պաշտոնական կայքը։

«ՀՀ ԱԺ նախագահը ողջույնի խոսքում գոհունակություն է հայտնել Հայաստանի և Արցախի՝ կրթության և գիտության հարցերով զբաղվող համանման հանձնաժողովների միջև ձևավորված սերտ համագործակցության կապակցությամբ: ՀՀ խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ այդ փոխգործակցության հիմքում կրթության ոլորտի զարգացմանը, հումանիտար հարցերի լուծմանը, օրենսդրական բարեփոխումներին, պատերազմի հետևանքով Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում պատմամշակութային և հոգևոր արժեքների պաշտպանությանը, Արցախի ՏՏ ոլորտում իրականացվող կրթական ծրագրերին վերաբերող հարցերն են»,- ասված է հաղորդագրությունում։

Ալեն Սիմոնյանը նշել է, որ Ադրբեջանը փորձում է վերացնել հայկական արձանագրությունների հետքերը պատմաճարտարապետական հուշարձաններից: ԱԺ նախագահը հավելել է, որ մեծ աշխատանք պետք է իրականացվի այս խնդիրը համաշխարհային հանրությանը ներկայացնելու առումով:

«Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Անահիտ Հակոբյանն արժևորել է երկկողմ համագործակցությունը բոլոր ոլորտներում, հատկապես՝ կրթության ռազմավարության ծրագրի մշակման, ոլորտի օրենսդրական բարեփոխումների, մշակութային փոխգործակցության առումով»,- նշված է հաղորդագրության մեջ։