Միրզոյանն ու ԵՄ ներկայացուցիչը քննարկել են ԼՂ, սահմանազատման և ապաշրջափակման հարցերը

Հունիսի 3-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Հանդիպմանը Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ։ Այս համատեքստում նա վերահաստատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքների վերականգնման կարևորությունը։

«Կողմերը քննարկել են բրյուսելյան հանդիպումների արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը: Նախարար Միրզոյանն ընդգծել է պայմանավորվածությունների կամայական, իրականությանը չհամապատասխանող մեկնաբանությունների անթույլատրելիությունը և կարևորել կառուցողական մթնոլորտի ապահովմանն ուղղված հռետորաբանության և գործնական քայլերի անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Միրզոյան ու Կլաարը մտքեր են փոխանակել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի աշխատանքների, տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հետ կապված հարցերի շուրջ։

«Նախարարն անընդունելի է համարել ռազմատենչ հայտարարությունների և սահմանային սադրանքների միջոցով Հարավային Կովկասում իրավիճակը ապակայուցանցնելու Ադրբեջանի շարունակական փորձերը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի խոսնակը մայիսի 31-ին հայտարարություն էր տարածել Հայաստանի և Ադրբեջանի վերաբերյալ, որում անդրադարձել էր եռակողմ հանդիպումից հետո Շառլ Միշելի՝ «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչություն» ձևակերպմանը, ինչպես նաև ապաշրջափակման գործընթացի շրջանակում «միջանցքի» հետ կապված շահարկումներին։ Հայտարարությունում նշված էր նաև, որ Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը առաջիկայում մեկնելու է տարածաշրջան՝ քննարկումները շարունակելու համար։

Մեկնաբանել