Սիրիայի քրիստոնյաները. կյանքը պատերազմի և գաղթի միջև

Նիսիբիսի Կույս Նահատակ Ֆևրոնիայի եկեղեցին

Վիգէն Չըթըրեան

Սիրիական ուղղափառ եկեղեցու Նիսիբիսի (Նուսայբին) Նահատակ Կույս Ֆևրոնիայի եկեղեցին գտնվում է Հիմո գյուղում՝ Ղամիշլիից մի քանի կիլոմետր դեպի արևմուտք: Եկեղեցին կառուցվել է 2004-ին մի սրբավայրի վրա, որը, ավանդույթի համաձայն, թվագրվում է 4-րդ դարով: Սիրիան վաղ քրիստոնեության ժամանակաշրջանի երկիր է, և մոտակա գյուղերում ժամանակին ասորական բարգավաճող համայնք կար: Բայց հիմա քիչ ասորիներ են մնացել կիրակնօրյա պատարագին մասնակցելու համար։

Սիրիայի հյուսիս-արևելքում խոշոր քաղաքները հիմնադրվել են ֆրանսիական իշխանության ժամանակ: Եթե ուշադիր նայեք Ղամիշլիի քաղաքաշինական պլանավորմանը (եթե կարողանաք վերացարկել քաոսային երթևեկությունը և փողոցներում կախված բազմաթիվ էլեկտրական լարերը), ապա կարող եք նկատել ժամանակակից քաղաքաշինությունը․ քաղաքը նախագծել են ֆրանսիացիները 1920-ականներին՝ Օսմանյան կայսրության օրոք տեղի ունեցած տեղահանություններից և ջարդերից փրկված ասորիներին ապաստան տրամադրելու նպատակով: Նույնկերպ Քոբանի (Այն ալ-Արաբ) կամ Թել Աբյադ քաղաքները հիմնադրվել են հայ տեղահանվածների կողմից: Ե՛վ ասորիները, և՛ հայերը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած ջարդերը վերապրածներ են եղել և ծագումով՝ ներկայիս Թուրքիայի արևելյան և հարավային նահանգներից։

1920-ականներից մինչև 1970-ականները սրյանիները (Syriacs), ասորիները, քաղդեացիները և հայերը կազմում էին քաղաքային բնակչության մեծամասնությունը։ Այնուամենայնիվ, 1950-ականներից սկսված արտագաղթի պատճառով նրանց թիվը կտրուկ կրճատվել է։ Գաբրիել Մուշեն Ղամիշլիի քաղաքական ակտիվ գործիչներից է։ Նրա նախնիները եղել են Թուր Աբդինի շրջանից, որն այսօր գտնվում է Թուրքիայի հարավ-արևելքում։ Այնուհետև Ասորիների ցեղասպանության ժամանակ (Sayfo) նրանք տեղահանվել են Սիրիայի այսօրվա տարածք։ «Sayfo» ասորերեն-քաղդեերեն նշանակում է «սուր» և վերաբերում է սրյանիների տեղահանություններին ու կոտորածներին, որոնց նրանք ենթարկվել են Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում։

Նա բացատրում է, թե ինչպես ասորիները և քրիստոնյա համայնքի այլ անդամներ սկսեցին արտագաղթել Հյուսիսային Սիրիայից. «Բեդվինները հարձակվում էին ասորական գյուղերի վրա, և պետությունը չէր պաշտպանում նրանց»: Հաջորդիվ տեղի ունեցավ հողերի պետականացումը, որն ուղեկցեց «արաբացման գործընթացին»: «Արաբական սոցիալիստական վերածննդի կուսակցությունը» («Բաաս») և համաարաբական այլ գաղափարախոսները ասորիներին համարում էին «արաբ քրիստոնյաներ», այլ ոչ թե առանձին էթնիկ խումբ, որն ունի իր առանձնահատուկ լեզուն, մշակույթը և ազգային ինքնությունը։ Արդյունքում փակվեցին ասորական դպրոցները, սոցիալական ակումբները և այլ հաստատություններ։ Գաբրիել Մուշեի կազմակերպությունը՝ Ասորական (աշուրական) դեմոկրատական կազմակերպությունը, հիմնադրվել է 1957-ին՝ ի պատասխան արաբականացման այս քաղաքականության, սակայն 1958-ին այն ապօրինի է ճանաչվել։

Հայ առաքելական Սուրբ Հակոբ եկեղեցին

«Խաբուրի տարածքում ասորական 43 գյուղ կար։ «Բաաս»-ի օրոք տեղի ունեցած հողային բարեփոխումների պատճառով նրանց գյուղատնտեսական բիզնեսները սնանկացան։ Բայց ամեն ինչ էլ ավելի վատացավ հակամարտության ժամանակ։ Այդ գյուղերի վրա ԴԱԻՇ-ի հարձակումից հետո հազիվ 700 ասորի մնացած լինի տարածաշրջանում»,- ասում է Մուշեն: Հակամարտությունից առաջ սիրիական Ջազիրա շրջանում 150 000 սրյանի էր ապրում, մինչդեռ այժմ մնացել է 40 – 45 000։

Հայ առաքելական Սուրբ Հակոբ եկեղեցին հսկայական, բայց անավարտ կառույց է։ Հին եկեղեցին պետք է փոխարինվեր շատ ավելի մեծ շինությամբ, սակայն Սիրիայում պատերազմի պատճառով դրա շինարարությունը դադարեցվեց։ Դոկտոր Սերոբ Բագրատեանն ասում է, որ իր տատիկն ու պապիկը Սասունից են եղել, ինչպես և հայ համայնքի շատ այլ ներկայացուցիչներ, որոնք ծագումով Հայկական լեռնաշխարհից են: Հայր Լևոն Եղիայանն ինձ ընդունում է իր գրասենյակում և բացատրում Ղամիշլիի իր համայնքի դժվարությունները. հակամարտությունից առաջ քաղաքը ուներ 1 800 ընտանիք, այժմ մնացել է ընդամենը 700 ընտանիք։ Հարևան Հասաքայում ապրում է ընդամենը 89 ընտանիք, մինչդեռ Դերիքում (ալ-Մալիքիա) 69 հայ ընտանիք է ապրում։

Առօրյա կյանքի դժվարությունները պատկերացնելու համար բավական է նկատել, որ Ղամիշլիի եկեղեցին գտնվում է Հայ առաքելական եկեղեցու Հալեպի թեմի իրավասության ներքո։ «Նախկինում Հալեպ գնալը տևում էր 4-5 ժամ։ Այժմ պետք է գնալ հարավային երթուղով, և դա կարող է տևել 15, երբեմն մինչև 18 ժամ,- ասում է հայր Եղիայանը և հավելում։- Այստեղ մենք հինգ տարբեր բանակների միջև ենք ապրում և պետք է լեզու գտնենք բոլորի հետ»: Մենք քննարկում ենք Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող հայ համայնքի կոնկրետ խնդիրները, կյանքը պատերազմի և անկայունության պայմաններում, ինչը երիտասարդներին ստիպում է բռնել գաղթի ճամփան։ «Այստեղի հայ երիտասարդները պետք է սովորեն արաբերեն և քրդերեն, սակայն մենք պետք է նրանց նաև քաջալերենք, որ պահպանեն մեր հայկական ինքնությունը: Ինչպե՞ս դա անել: Պահպանելով մեր դպրոցները, ակումբները, համայնքային ցանցը»,- ասում է նա:

Տեր Լևոն աբեղա Եղիայանն իր աշխատասենյակում

Խոսելով երիտասարդության արտագաղթի մասին՝ հայր Եղիայանն ասում է. «Մենք պետք է իրատես լինենք։ Ղամիշլիի երիտասարդները նույնպես ունեն սմարթֆոններ և սոցիալական ցանցերի միջոցով հետևում են, թե ինչ են անում մյուսները աշխարհի այլ վայրերում: Ինչպե՞ս կարող են նրանք չցանկանալ հեռանալ այստեղից։ Բայց մենք նաև ցանկանում ենք մեր երեխաներին պահել մեր համայնքում: Այդ իսկ պատճառով փորձում ենք աջակցել նրանց, որպեսզի իրենց սեփական բիզնեսը սկսեն կամ փորձեն աշխատանք գտնել»։

Գաբրիել Մուշեն ասում է, որ իր կուսակցությունը՝ Ասորական (աշուրիների) դեմոկրատական կազմակերպությունը, Հյուսիսային և Արևելյան Սիրիայի Ինքնավար Վարչակազմի մաս չի կազմում և քննադատաբար է վերաբերվում իշխող քրդական ուժին։ «Չնայած մենք Իթիլաֆի (Սիրիայի ազգային կոալիցիա) մաս ենք կազմում, մենք բաց ենք Ինքնավար Վարչակազմի և «Ժողովրդավարական միություն» կուսակցության հետ երկխոսության համար: Մենք նրանց հետ քննարկել ենք արտաքին ուժերից անկախ վարչակազմի ձևավորման հարցը։ Մենք նաև իրական գործընկերություն ենք պահանջել սիրիական ուժերի միջև։ Բայց նրանք կրկնօրինակում են «Բաաս»-ի փորձը՝ միակուսակցական համակարգ և դրան գումարած «ազգային հայրենասիրական ճակատներ»՝ որպես զարդարանք։ Ես չեմ ուզում Օջալանի գաղափարախոսությունը։ Մենք ցանկանում ենք նաև դրական հարաբերություններ Թուրքիայի հետ, ոչ թե այն պատճառով, որ սիրում ենք Թուրքիան,- մենք չենք մոռացել Ասորիների ցեղասպանությունը,- այլ այն պատճառով, որ դա մեր տարածաշրջանը կայունացնելու միակ միջոցն է»:

Գաբրիել Մուշեն կիսում է շատերի մոտ առկա տրամադրությունը, որ «Հյուսիսային և Արևելյան Սիրիայի Ինքնավար Վարչակազմը ժամանակավոր է»: Նա, այնուամենայնիվ, Ինքնավար Վարչակազմում բազմաթիվ դրական տարրեր է տեսնում։ «Մեր տարածաշրջանը շատ ավելի լավ վիճակում է, քան ռեժիմի տակ գտնվող մյուս տարածաշրջանները կամ Ջաբհաթ ալ-Նուսրան, օրինակ՝ աշխարհիկ բնույթը, կանանց առաջխաղացումը պետական պաշտոններում, նրանք նաև ծայրահեղ ազգայնական միտումներ չունեն և նպաստում են փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը,- ասում է նա և հավելում։- Մերձավոր Արևելքում քրդական հարցը շատ կարևոր է. դա այլ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը հասնելու բանալին է»:

Ի՞նչ ապագա կունենան ասորիները, հայերը, հարցնում եմ «Ժողովրդավարական միություն» կուսակցության նախկին առաջնորդ Սալեհ Մուսլիմին: «Դա կախված է նրանցից,- պատասխանում է նա:- Նրանք չպետք է լքեն իրենց հողը. նրանք պետք է դիմադրեն։ Կարծում ենք, որ մեր ներկայությունն այստեղ կախված է մեր համակեցությունից. մենք լրացնում ենք միմյանց։ Եթե ասորիները, հայերը ցանկանում են վերադառնալ, ուրեմն նրանք տեղ ունեն մեր սրտերում»։

Չնայած քրիստոնեական համայնքների նկատմամբ քրդական ուժերի դրական վերաբերմունքին (խոսքը ընդդիմության հետ կապեր ունեցող իսլամիստ զինյալների մասին չէ), այնուամենայնիվ, երկարատև անկայունությունը երիտասարդներին դրդում է արտագաղթի: Շատերը արտագաղթում են զինվորական ծառայությունից խուսափելու կամ արտերկրում կրթությունը շարունակելու նպատակով։ Միայն քրիստոնյա համայնքները չէ, որ գաղթում են, իրադրությունը նույնն է քրդերի ու արաբների պարագայում։ Այնուամենայնիվ, քրիստոնյաների դեպքում ուշագրավ է այն, որ Սիրիայի ընդհանուր բնակչության կազմում նրանց թիվը պակասել է․ հակամարտությունից առաջ նրանք կազմում էին բնակչության 13%-ը, իսկ այսօր ընդամենը 3%-ը:

Երբ կրքերը հանդարտվեն, արդյոք կլինե՞ն քրիստոնյա համայնքներ (ասորիներ, քաղդեացիներ, սիրիացիներ կամ հայեր), որոնք դեռ ապրելիս կլինեն Մերձավոր Արևելքի քաղաքներում և գյուղերում:

Վիգէն Չըթըրեանը պատմություն և միջազգային հարաբերություններ է դասավանդում Ժնևի համալսարանում և Ժնևի Վեբսթեր համալսարանում։ Չըթըրեանը բազմաթիվ գրքերի և հոդվածների հեղինակ է։

Տե՛ս նաև՝ Ղամիշլիից հայացք դեպի հյուսիս. քրդական երկրորդ ինքնավարությունը գոյատևել կարո՞ղ է