Մոնղոլիայի նախկին նախագահը դատապարտվել է 4 տարի ազատազրկման

Մոնղոլիայի դատարանը երկրի նախկին նախագահ Նամբարին Էնխբայարին կոռուպցիայի մեղադրանքով դատապարտել է չորս տարվա ազատազրկման։ Այս մասին տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։ Դատարանը որոշել է բռնագրավել նաև Էնխբայարի ունեցվածքը՝ 18,5 հազ. ԱՄՆ դոլարի չափով։

Դատարանը նախկին նախագահին նախ դատապարտել է 7 տարի ազատազրկման, սակայն արդյունքում փոխել դատավճիռը։ Էնխբայարի հետ միասին կոռուպցիայի ու պաշտոնական լիազորությունների չարաշահման մեջ մեղավոր են ճանաչվել կառավարության չորս նախկին անդամներ և մեկ գործարար։

Էնխբայարը ձերբակալվել է 2012թ. ապրիլին՝ կոռուպցիայի մեղադրանքով։ Մոնղոլիայի գործող իշխանությունները նրան մեղադրում են պետական ակտիվներն անօրինական տնօրինման մեջ։ Ինքը՝ Էնխբայարը, իրեն մեղավոր չի ճանաչում։ Ձերբակալությունից հետո նա, որպես բողոքի նշան, հացադուլ է սկսել, որը դադարեցրել 2012թ. մայիսին՝ գրավի դիմաց ազատ արձակվելուց հետո։ Նախկին նախագահի կողմնակիցները վստահեցնում են, որ իշխանությունները քրեական հետապնդումն օգտագործում են նրան ընտրություններին մասնակցել թույլ չտալու նպատակով։

Էնխբայարի դատապաշտպանները մտադիր են բողոքարկել դատավճիռը։

Նշենք, որ Նամբարին Էնխբայարը Մոնղոլիայի նախագահ է ընտրվել 2005թ.։ 2008թ. նախագահական ընտրություններում նա պարտություն է կրել երկրի ներկայիս նախագահ Ցախիագիյն Էլբեգդորժից։

Մեկնաբանել