Եկամուտների համատարած հայտարարագրում. հեռանկարներ և միջազգային փորձ

Երևան մետրո - Yerevan Metro

Հովհաննես Նազարեթյան, #CivilNetCheck

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 31-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց, որ Հայաստանում պետք է ներդրվի համընդհանուր հայտարարագրման համակարգ:

«Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները, որն ուժի մեջ կմտնի 2024-ին՝ 2023-ի եկամուտների համար»,- ասաց Փաշինյանը։

Հայտարարագրման գաղափարը նոր չէ

Համատարած կամ համընդհանուր հայտարարագրման գաղափարը առաջին անգամ չի հնչեցվում Փաշինյանի և նրա կառավարության անդամների կողմից։

Այս թեման 2018-ի նոյեմբերին լայնորեն քննարկվել է լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում։ Այն ժամանակ մտահոգություն կար, որ կհարկվեն արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների եկամուտները։ Պետեկամուտների կոմիտեն այն ժամանակ հերքել էր այդ պնդումը․ «Ինչ վերաբերում է արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիների եկամուտների հարկման մեխանիզմին, ապա որևէ նման նախագիծ կամ գաղափար առկա չէ»:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը 2019-ի հուլիսին հայտարարել էր, որ ՊԵԿ-ը պատրաստ է 2020-ին անցում կատարել եկամուտների համատարած հայտարարագրման, սակայն, միևնույն ժամանակ, նշել էր, որ կառավարությունում կոնսենսուս չկա դրա շուրջ։ Արդեն 2020-ի փետրվարին Անանյանը կարծիք էր հայտնել, որ Հայաստանի «հարկաբյուջետային քաղաքականության ապագան ընդհանրապես և հարկման քաղաքականության ապագան ֆիզիկական անձանց համատարած հայտարարագրման մեջ է», և այն պետք է հնարավորինս շուտ ներդրվի։

2020-ի մայիսին և օգոստոսին վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի էին ունեցել խորհրդակցություններ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման վերաբերյալ։

Դեռ պարզ չէ, թե Հայաստանում հայտարարագրման համակարգը ինչ սկզբունքով է գործելու։ ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, որոշեց ուսումնասիրել միջազգային փորձը։

Հայտարարագրման միջազգային փորձը

Աշխարհի մի շարք երկրներում գործում է համընդհանուր հայտարարագրման համակարգ։

ԱՄՆ-ում, օրինակ, բոլոր քաղաքացիները, որոնք ունեն տարեկան 12 550 դոլարից ավել եկամուտ ամեն տարի պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները Ներքին եկամուտների ծառայությանը (IRS)։ Քաղաքացիները պետք է հայտարարագրեն ամեն տեսակի եկամուտները, այդ թվում՝ աշխատավարձ, կապիտալի շահույթ, թոշակ, նպաստ և պետք է նշեն, թե քանի անձ է իրենցից ֆինանսական կախվածության մեջ։ Հայտարարագրի հիման վրա է որոշվում, թե արդյոք քաղաքացիները ունեն չվճարված հարկեր կամ թե նրանց պետք է հարկեր վերադարձվեն պետության կողմից։

Նմանատիպ համակարգեր են գործում նաև արևմտյան շատ այլ երկրներում։ Գերմանիայում, օրինակ, եկամտային հարկի հայտարարագիր պետք է ներկայացնեն հատկապես ինքնազբաղ մարդիկ և անհատ ձեռներեցները, իսկ ընկերություններում աշխատողները միշտ չէ, որ պարտավոր են հայտարարգրեր ներկայացնել, քանի որ գործատուներն են նրանց հարկերը վճարում։

Շվեդիայում հայտարարագրեր ներկայացնում են շատերը, բայց ոչ բոլորը։ Հայտարարագիր են ներկայացնում այդ անձինք, որոնք փոստով ստանում են ձևանմուշ։ Քանի որ Շվեդիայի հարկային գործակալությունը քաղաքացիների եկամուտների մասին արդեն իսկ ստանում է տեղեկություն գործատուից, բանկից կամ սոցապ գործակալությունից, այդ տվյալներն արդեն իսկ լրացված են լինում։ Որոշ դեպքերում պետությունը հայցում է հավելյալ տեղեկատվություն եկամուտների մասին, հատկապես, անհատ ձեռներեցներից կամ այն անձանցից, որոնք անշարժ գույք կամ մասնաբաժիններ են վաճառել։ Հայտարարագրերը կարող են ներկայացվել նաև առցանց։ Հայտարարագրումից հետո պետությունը հաշվարկում է, թե որքան հարկ պետք է վճարվի կամ վերադարձվի հարկ վճարողին։

Հայաստանի նման համատարած հայտարարագրման է նախատեսում անցնել Ղազախստանը։ Այնտեղ, ինչպես Հայաստանում, այժմ եկամտի և գույքի հայտարարագիր են ներկայացնում միայն պաշտոնատար անձինք: Սակայն աստիճանաբար հայտարարագիր ներկայացնողների շրջանակը ընլայնվելու է, և 2025-ի հունվարի 1-ից բոլոր քաղաքացիները պետք է հայտարարգրեն իրենց եկամուտները։ Այս գործընթացը լինելու է փուլային։ 2023-ից հայտարարգրեր կներկայացնեն պետական մարմինների աշխատողները, այդ թվում` առողջապահության և կրթության ոլորտների, իսկ 2024-ից անհատ ձեռներեցները և իրավաբանական անձինք։

Իսկ Ուկրաինայում եկամտի հայտարարագիր ներկայացնում են հատկապես արտասահմանից եկամուտներ ստանալու դեպքում։ Մասնավորապես, եթե Ուկրաինայի քաղաքացին կամ այդ երկրում մշտական բնակվող անձը արտասահմանից ստանում է գումար, նվեր, պասիվ եկամուտ, ժառանգություն կամ կապիտալի շահույթ, նա պետք է այն հայտարագրի:

Մեկնաբանել