Հայաստանի քաղաքացիների 66 տոկոսի կարծիքով՝ արցախյան վերջին պատերազմն անխուսափելի էր

Հայաստանի քաղաքացիների 66 տոկոսը կարծում է, որ արցախյան վերջին պատերազմն անխուսափելի էր. այդ մասին են վկայում Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (CRRC) սոցհարցման արդյունքները։

Ընդ որում, հարցման մասնակիցների 28 տոկոսի ընտանիքի անդամներից որևէ մեկը մասնակցել է պատերազմին։

Հարցվածների 27 տոկոսը ռիսկ է տեսնում, որ առաջիկա 1-4 տարվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի շուրջ նոր էսկալացիա կլինի, 12 տոկոսը նման հեռանկար է տեսնում 5-10 տարվա ընթացքում, իսկ 19 տոկոսն էլ հայտնել է, որ ղարաբաղյան կոնֆլիկտը երբեք էլ չի ավարտվել։

Հարցված քաղաքացիների 42 տոկոսը հայտնել է, որ Հայաստանի նպատակը պիտի լինի վերականգնել Լեռնային Ղարաբաղի տիրապետության տակ գտնվող այն տարածքները, որոնք առկա էին 44-օրյա պատերազմից առաջ։

Հարցվածների 98 տոկոսն էլ պատասխանել է, որ երբեք հավանություն չի տա Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելուն։