«Ապօրինի որդեգրումների» գործն ուղարկվել է դատարան

ՀՀ դատախազությունը հայտնում է, որ «Ապօրինի որդեգրումների» քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, և հունիսի 6-ին 11 անձի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ այն ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:

«Քրեական գործով ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ իտալական 3 ընկերությունների հայաստանյան ներկայացուցիչը 2005-ից սկսած, օտարերկրյա քաղաքացիների խնամքին հանձնելու նպատակով ՀՀ քաղաքացի հանդիսացող՝ առանց ծնողական խնամքի մնացած և ՀՀ տարածքում գործող մանկատներում գտնվող երեխաների վաճառքն իրականացնելու համար, ստեղծել և ղեկավարել է կազմակերպված խումբ: Վերջինիս կազմում ընդգրկվել են ՀՀ ծննդօգնության բնագավառում գործունեություն իրականացնող հիմնարկի աշխատակիցներ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրենը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետը, ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետը, նույն գործակալության ապոստիլի և միջազգային պայմանագրերի բաժնի պետը, ինչպես նաև հիշյալ ընկերությունների ներկայացուցչի մտերիմ, թարգմանչական ծառայություններ մատուցող անձը: Կազմակերպված խմբի նպատակին հասնելու համար նրանք օգտվել են ինչպես իրենց, այնպես էլ ՀՀ պետական մարմինների իրավասու պաշտոնատար աշխատակիցների ընձեռած հնարավորություններից:

Կազմակերպված խմբի ղեկավարումը ստանձնել է օտարերկրյա որդեգրումների բնագավառում ՀՀ-ում գործունեություն ծավալող, Իտալիայի Հանրապետությունում հավատարմագրված վերոնշյալ 3 կազմակերպությունների ներկայացուցիչը, ով մշակել է կազմակերպված խմբի գործունեության ծրագիրը, անդամների միջև կատարել դերաբաշխում, իրականացրել ֆինանսական հոսքերի նկատմամբ հսկողության գործառույթ:

Բացի այդ, վերջինս առանձնապես խոշոր չափերով դրամական միջոցներն օրինականացնելու՝ դրա հանցավոր ծագումն ու տեղաշարժը թաքցնելու նպատակով, որպես փոխառություն է հանձնել իր հետ փոխկապակցված ՍՊ ընկերություններին, իսկ գումարի մի մասի հանցավոր ծագումն ու տեղաշարժը թաքցնելու նպատակով այն ձևակերպել է որպես համապատասխան ՍՊ ընկերությանը՝ որդեգրումների գործընթացի բնագավառում գործունեություն ծավալող, իր մտերիմներից մեկի կողմից տրամադրված փոխառություն:

Քրեական գործով նախաքննության ընթացքում հիշյալ անձին մեղադրանք է առաջադրվել «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրենին, փոխտնօրենին, նույն ընկերության ցերեկային ստացիոնարի վարիչին, «Երևանի «Մանկան տուն»» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենին, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի նախկին պետին, ինչպես նաև կազմակերպությունների ներկայացուցչի մտերիմներից մեկին:

Բացի այդ, մեղադրանք է առաջադրվել ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության նախկին պետին, ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության միջազգային պայմանագրերի և ապոստիլի բաժնի պետին, ինչպես նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության երեխաների հիմնահարցերի բաժնի պետին և նույն նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության երեխաների հիմնահարցերի բաժնի գլխավոր մասնագետին»,- նշվում է հաղորդագրության մեջ:


Մեկնաբանել